Թաթուլ Մանասերյան. Խմբիշխանների գոյությունը՝ գնաճի պատճառ
«Եթե համեմատենք 2010թ-ի հետ, երբ ունեցել ենք աննախադեպ բարձր գնաճ, ապա 2011թ-ին որոշ չափով հաջողվել է զսպել այն, ինչը հիմնականում պայմանավորված էր դրամավարկային քաղաքականության ճկուն գործիքների օգտագործմամբ»,- այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսագետ, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը: Այդուհանդերձ, ըստ տնտեսագետի, միայն Կենտրոնական բանկի կողմից իրականացվող քայլերը բավարար չեն գնաճի զսպման համար, քանի որ Հայաստանում կան երևույթներ, որոնք նպաստում են գների բարձրացմանը:
Մասնավորապես, Թ.Մանասերյանն առանձնացրեց գյուղմթերքների շուկայում խմբիշխանների գոյությունը, նրանց կողմից վերավաճառումներն ու նույն ապրանքների վրա գների կրկնապատիկ, եռապատիկ ավելի սահմանումը: «Սա անթույլատրելի է, և կառավարությունն այս ուղղությամբ դեռ լուրջ քայլեր պետք է իրականացնի»,- նշեց տնտեսագետը:
Թե ինչպիսին կլինի գնաճի ցուցանիշը 2012-ին, Թ.Մանասերյանը նշեց, որ դա պայմանավորված է երկու հանգամանքով: Առաջինը՝ համաշխարհային շուկայի տենդենցներով, իսկ այստեղ ակնկալվում է սննդամթերքի գների թանկացում: Սակայն, ըստ տնտեսագետի, Հայաստանում գնաճը զսպելու համար պետք է խթանել առաջին անհրաժեշտության 10 ապրանքների տեղական արտադրությունը:
«Եթե անհրաժեշտ հսկողություն իրականացվի նաև գնագոյացման ասպարեզում և մի քանի մարդկանց կողմից սահմանված գների աճ չթույլատրվի, ապա կարծում եմ՝ Հայաստանում գնաճը կառավարելի կլինի»,- ասաց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավարը:
Թ.Մանասերյանի գնահատմամբ՝ 2012թ.-ը տնտեսության համար լուրջ մարտահրավերների տարի է լինելու, ուստի պետք է ամեն ինչ անել, որպեսզի նախորդ տարի տնտեսությունում գրանցված դրական երևույթները պահպանվեն և օրինաչափ դառնան: Իսկ դրա համար, ըստ նրա, անհրաժեշտ է համակարգված մոտեցում ցուցաբերել:
«Անելիքները շատ են, բայց ես լավատես եմ և կարծում եմ, որ ճիշտ քայլեր իրականացնելու դեպքում կարելի է արդյունքների հասնել, բայց պետք է ասել, որ դա զգուշավոր լավատեսություն է, քանի որ չպետք է մոռանանք, որ առջևում խորհրդարանական և նախագահական ընտրություններ են, այսինքն՝ մասնավոր հատվածը մի քիչ ավելի զգուշավոր կլինի, ավելի մեծ ներդրումներ դժվար է ակնկալել, դրանք ավելի չափավոր կլինեն, բայց եթե պահպանվի տնտեսական աճի եղած մակարդակը և անհրաժեշտ քայլեր ձեռնարկվեն, ապա 2013թ-ից հետո տնտեսությունում կարող ենք լուրջ արդյունքներ ակնկալել»,- նշեց Թ.Մանասերյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա