Առողջապահության նախարարություն. Տոներին համաճարակային իրավիճակը Հայաստանում հանգիստ է եղել
Տոնական օրերը` սննդային թունավորումների և վարակիչ հիվանդությունների առումով հանգիստ են եղել, խմբակային թունավորման դեպքեր չեն արձանագրվել: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ԱՆ Հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության ղեկավար Արտավազդ Վանյանը:
Նրա խոսքով` այդ օրերին պետական հակահամաճարակային տեսչությունում հերթապահություն էր սահմանված:
Տեսչության ղեկավարը տեղեկացրեց, որ գրանցվել է բոտուլիզմի 1 դեպք` Լոռու մարզում, ալկոհոլի չարաշահման 15 դեպք և հատուկենտ դեպքեր` մարսողական համակարգի խաթարմամբ պայմանավորված: Արձանագրվել են նաև օրվա սննդակարգի չպահպանելու մի շարք դեպքեր:
Անդրադառնալով համաճարակային ֆոնին, Ա. Վանյանը հայտնեց, որ այն ևս բավարար է եղել: «Համաճարակային իրավիճակը եղել է հանգիստ»,- ասաց նա, նշելով, որ նման իրավիճակ է նաև գրիպի և սուր շնչառական հիվանդությունների առումով:
Տեսչության ղեկավարի կարծիքով` իրավիճակի հանգիստ լինելը պայմանավորված է կանխարգելիչ միջոցառումների իրականացմամբ, բնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքներով:
Խոսելով թունավորումների և աղիքային հիվանդությունների դեպքերի նվազման մասին` Ա.Վանյանը նշեց, որ այս տարի տնային տնտեսուհիները զգուշություն են ցուցաբերել աղցանների պատրաստման և պահպանման հարցում, քանի որ աղցանները սննդային թունավորումների հիմնական աղբյուրն են: «Հարկ է աղցանը պահել սառը վայրում, իսկ թթվասերն ու մայոնեզը, այլ համեմունքներն ավելացնել միայն մատուցելուց առաջ», - հիշեցրեց Ա.Վանյանը:
Նա նաև խորհուրդ տվեց զգուշավորությամբ օգտագործել տան պայմաններում պատրաստված պահածոները, հիշեցնելով, որ դրանք բուտուլիզմի հիմնական աղբյուրներն են:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա