Մահացել է լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանը
Երեկ երեկոյան Մոսկվայի Բոտկինսկի հիվանդանոցում երկարատև հիվանդությունից հետո կյանքի 87-րդ տարում մահացել է ազգությամբ հայ լեգենդար հետախույզ, ԽՍՀՄ հերոս, ԽՍՀՄ ՊԱԿ-ի (պետանվտանգության կոմիտե) գնդապետ Գևորգ Վարդանյանը:
«Վեստի» հեռուստաընկերության հաղորդմամբ, Վարդանյանը ծնվել է 1924 թ-ին Դոնի-Ռոստով քաղաքում: Գևորգը հետախուզությամբ է տարվել հոր ազդեցության ներքո, ով 1930 թ-ին լքել է Միությունը և կոմերցիոն գործունեության անվան ներքո հետախուզական գործունեություն ծավալել Իրանում:
1940թ-ից Գևորգը ղեկավարել է հատուկ խումբ, որը զբաղվել է Թեհրանում ֆաշիստական Գերմանիայի գործակալների բացահայտմամբ, ովքեր հետագայում պետք է գործուղվեին Սովետական Միություն: Նշվում է, թե երկու տարվա ընթացքում, երբ դեռ չէր բոլորել Վարդանյանի 20-ամյակը, հայազգի հետախույզին հաջողվել է բացահայտել հիտլերյան Գերմանիայի մոտ 400 լրտես:
1942 թ-ին «Ամիր» օպերատիվ ծածկանվան ներքո Վարդանյանը ներթափանցել է Թեհրանում գործող անգլիական հետախուզական դպրոց, որի սաները հետագայում պետք է ուղարկվեին Սովետական Միություն: Հետախույզի տվյալների շնորհիվ, անգլիացի բոլոր լրտեսների գործունեությունը հետագայում կասեցվել են Խորհրդային միությունում:
Վարդանյանի մասնագիտական գործունեության ամենավառ էջերի շարքում 1943 թ-ին Թեհրանի կոնֆերանսի ժամանակ գերմանացի լրտեսների մերկացումն է եղել, որոնք պատրաստվում էին հարձակում իրականացնել Ուինսթոն Չերչիլի, Իոսիֆ Ստալինի և Ֆրանկլին Ռուզվելթի նկատմամբ: Այդ դեպքերի մոտիվներով հետագայում նկարահանվել է հայտնի «Թեհրան 43» հեռուստաֆիլմը:
Հետագա տարիներին Վարդանյանը ծառայություն է իրականացրել եվրոպական մի շարք երկրներում:
Գևորգ Վարդանյանին հերոսի կոչում է շնորհվել 1984 թ-ին ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի Պրեզիդիումի կողմից փակ հրամանագրով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան