ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչը ադրբեջանցի պաշտոնյաների հայտարարություններն անհեթեթ է համարում
«Ադրբեջանցի Չիրագովն ընդդեմ Հայաստանի» և «Սարգսյանն ու մյուսները ընդդեմ Ադրբեջանի» հայցերը ՄԻԵԴ-ը որոշել է ըստ էության քննության առարկա դարձնել: Այդ մասին որոշում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կայացրել է անցած տարվա դեկտեմբերի 14-ին:
ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով որոշումը` ասաց, որ ՄԻԵԴ-ն այդ որոշումը կայացրել է` պատճառաբանելով, որ «երկու դիմումների մասով էլ դեռևս կան դատարանի համար պատշաճ ապացույցներ չունեցող փաստեր և հանգամանքներ, ինչն էլ դատարանին խոչընդոտում է վերջնական որոշում կայացնել այս փուլում»:
Կոստանյանի խոսքով, դատարանն այսքանից հետո մտնում է ըստ էության քննության փուլ:
Նշենք, որ Չիրագովն ընդդեմ Հայաստանի հայցը ներկայացված է մի ընտանիքի կողմից, իսկ Ադրբեջանի դեմ 700-ից ավելի հայց է ներկայացվել Հայաստանի փախստականների կողմից:
Կոստանյանի խոսքով, վերոնշյալ երկու գործերով վճիռ կայացնելու դեպքում ՄԻԵԴԸ կստեղծի նախադեպ նաև մյուս հայցերի համար:
Անդրադառնալով ադրբեջանական կողմի պաշտոնական աղբյուրների այն հայտարարություններին, թե ՄԻԵԴ-ը բավարարել է ադրբեջանցի փախստականների հայցն ընդդեմ Հայաստանի, Կոստանյանը ասաց, որ անհեթեթ է:
«Եթե դա լիներ դեղին մամուլի արձագանք, ես դրան չէի անդրադառնա, բայց եթե այդպես հայտարարում են Ադրեջանի պաշտոնյաները, ապա դա առնվազն անհեթեթ է ու տարօրինակ»,-հավելեց ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության ներկայացուցիչը:
Ադրբեջանցի Չեռոգովն ընդդեմ Հայաստանի և Սարգսյանն ու մյուսները ընդդեմ Ադրբեջանի հայցերը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերին պալատում քննվել է զուգահառեբար, և 2010 թվականին երկու գործով միաժամանակ դատարանն անցկացրել է լսումներ, որոնց արդյունքում անցած տարվա դեկտեմբերի 14-ին դատարանը երկու գործով դիմումները քննության ընդունելու մասին որոշում է կայացրել:
Նախորդող հրապարակումներ`
Չիրագովը չի ներկայացել Մարդու իրավունքների Եվրոպական դատարան
ՄԻԵԴ դատավոր. Դիմե՞լ եք արդյոք ԼՂՀ իշխանություններին
Գ. Կոստանյան. Ադրբեջանցիները չհերքեցին Հայաստանի փաստարկները
Եվրոպական դատարանում հայցն ընդդեմ Ադրբեջանի կարող է լուրջ հետևանքներ ունենալ