Շևչենկոյի անվան դպրոցի տնօրեն. «Բոլորն էլ միակարծիք են եղել` սկսել դասերը», սակայն…
«Ես համաձայն եմ, որ իմ երեխան գա դասի»: «Նորմալ դաս ենք անում, աշակերտներն էլ հաճախում եմ նորմալ»: «Առավոտյան 6 անց կեսից միացնում ենք պլիտաները, էլ ի՞նչ անենք»: «Ճիշտ է, միջանցքներում ցուրտ է, բայց դասասենյակները նորմալ են ու կարելի է դաս անել»: Սրանք Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցի ուսուցիչների ու ծնողների պատասխաններ են Panorama.am-ի այն հարցադրմանը, թե իրենք համամի՞տ են դպրոցում սովորող մի քանի աշակերտների ծնողների (Ռուզաննա Մարտիրոսյան, Լիանա Ասատրյան, Կարինե Առաքելյան, Սեդա Մարգարյան, Լիլյա Գրիգորյան, Սվետլանա Ալավերդյան և այլք) տարածած այն հայտարարության հետ, թե «դեմ ենք և չենք ցանկանում, որ մեր երեխաները հունվարի 12-ից հաճախեն դպրոց: … Դպրոցում ավելի ցուրտ է քան դրսում: Տաք օրերին ջերմաստիճանը հասնում է մինչև +6 աստիճանի , իսկ ցուրտ օրերին հասնում է մինչև -4 աստիճանի: Սրանք մոտավոր թվեր են: Ջեռուցման սարքերը կամ փչացած են կամ լավ չեն աշխատում և շատ քիչ են: Դպրոցի անգամ 1/3-ը չի տաքացվում»:
Ի դեպ, նախ նշենք, որ և դպրոցի տնօերն Էլեոնորա Թումանյանը, և ուսուցիչները, և ծնողները վստահեցնում էին, որ իրենք նման անուն-ազգանունով մարդկանց չեն ճանաչում, որ դպրոցում նման ծնողներ չկան: «Ինչո՞ւ այդ բողոքող ծնողները չեն եկել: Թող գան այստեղ ու իրենց բողոքն ասեն»,- նման հարցադրում արեցին դպրոցում հավաքված ծնողները, ովքեր զարմանք էին արտահայտում, թե ինչու է վերջին շրջանում այս դպրոցի ու հատկապես տնօրենի վերաբերյալ վատ շեշտադրումներով նամակներ տարածվում: «Այսպես չի կարելի: Չի կարելի սպանել երեխաների սերը մեր տնօրենի նկատմամբ»,- ասաց հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Անահիտ Մկրտչյանը:
Հիշեցնենք, որ Էլեոնորա Թումանյանը դպրոցի տնօրեն է ընտրվել նոյեմբերի 1-ին: «Երեք ամսվա տնօրեն է, ինչպե՞ս պետք է ապահովեր ջեռոցումը: Պետությունն է մեղավոր: Իսկ տնօրենի մասին տարածած հաղորդագրությունները չեն համապատասխանում իրականությանը: Մեր տնօրենին երևի մի քանի հոգի են դեմ, իսկ ամբողջ դպրոցը, ծնողներն ընդունում են նրան ու սիրում»,- ասաց ծնողներից մեկը:
8-ամյա աշակերտի մայրը` Նեկտար Ավետիսյանն ասաց, որ իր երեխան դպրոցի ամենափոքր աշակերտն է, բայց ինքն էլ էր համաձայն, որ դասերը սկսվեին.
«Ես պետք է ամենաշատը մտահոգվեմ, բայց ես էլ համաձայն եմ, որ իմ երեխան գա դասի, հակառակ դեպքում, եթե դասաժամերն ավելացվի, երեխաս չի կարող գնալ սպորտի, նաև` խաղալու ժամանակ չի ունենա, որն անհրաժեշտ է 8-ամյա երեխային»:
Ա. Մկրտչյանը մի գրություն էր պատրասել` «մեր խոսքը», որը ստորագրեցին մի շարք ուսուցիչներ ու ծնողներ, որտեղ նախ խոսվում էր տնօրենի կատարած աշխատանքի մասին, ապա պահանջում, որ կանգ առնեն ու ցեխ չշպրտեն դպրոցի վրա:
Տնօրեն Է. Թումանյանը Panorama.am-ի հետ զրույցում նախ հիշեցրեց, որ ԿԳ նախարար Արմեն Աշտոյնաը դպրոցի տնօրենների հայեցողությանն էր թողել (ՀՀ ԿԳՆ-ն չի առարկում, որ սովորողների գարնանային արձակուրդները, անհրաժեշտության դեպքում, միացվեն ձմեռային արձակուրդներին)` սկսել դասերը հունվարի 9-ից, թե հունվարի 23-ից` ջեռուցման հետ կապված խնդիրների պատճառով: «Դպրոցում նախ քննարկել ենք ուսուցիչների, ծնողների հետ` սկսել դասերը հունվարի 9-ից, թե հետաձգենք: Խոսել եմ նաև աշակերտների հետ: Նրանք բոլորն էլ միակարծիք են եղել` սկսել դասերը, քանի որ նախ չեն ցանկացել, որ գարնանային արձակուրդ չունենալ, նաև` որ բաց թողնված դասաժամերը լրացվի շաբաթ օրերը: Բացի այդ ի՞նչ երաշխիք, որ հունվարի 23-ից հետո ջերմաստիճանն ավելի չի նվազելու»,- ասաց դպրոցի տնօրենը, ապա շարունակեց. «Այո, կա ձեռուցման խնդիր: Հիմա էլ կանցկացնեմ ծնողական նիստ ու ևս մեկ անգամ կքննարկենք: Ինչ խնդիր ունեմ, որ պարտադրեմ նրանց` գան դասի: Ավելի լավ, ես էլ մի շաբաթ կհանգստանամ: Ամեն ինչ արվում է երեխաների շահերից ելնելով: Եթե ցանկանան, կդադարեցնեմ, խնդիրն ինչումն է»: Է. Թումանյանն ասաց, որ սիրում է դպրոցը, սիրով է աշխատում, սիրում է կոլեկտիվը, երեխաներին, ծնողներին, խախտումներ չի անում: «Ու չնայած այս ամենին, իր դեմ ուղղված անանուն հայտարարություններին, շարունակելու եմ աշխատել»,- ասաց նա:
Նախորդող նորություններ`
Շեվչենկոյի անվան դպրոցում լարվածությունն «այդքան էլ մեծ չէ», թեև «դրսից ինչ-որ մեկն ուզում է պղտոր ջրում ձուկ որսալ»
Շևչենկոյի անվան դպրոցի ուրվականը. ո՞ւմ է ձեռնտու աղմուկ բարձրացնել, բայց մնալ անհայտ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան