Վերանալու և թունավորվելու է ավելի քան 1500 հեկտար էկոհամակարգ. Արշավ դեպի Թեղուտ
«Հունվարի 15-ին բոլորս դեպի Թեղուտ»: Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության տեղեկացմամբ, բնապահպան ակտիվիստները կազմակերպում են ճանաչողական արշավ-ակցիա, որով կսկսվի նոր գործողությունների շարքը` ի պաշտպանություն Թեղուտի:
«Ներկայացնելու ենք Թեղուտի հիմնախնդիրը` իր բոլոր բազմազան կողմերով: Մասնակիցները հնարավորություն կունենան սեփական աչքերով տեսնելու անտառը, շրջակա գյուղերը և հանքային ավերը: Ավտոբուսներով Երևանից շարժվելու ենք Վանաձոր, այնտեղ հանդիպելու ենք Վանաձորի ակտիվիստներին` իրականացնելու ենք կարճ տեղեկատվական ակցիա և շարունակելու ենք ճանապարհը դեպի Թեղուտ: Թեղուտում նախատեսվում է մոտ 4կմ քայլարշավ: Ակցիայի մասին ավելին` http://www.facebook.com/events/109406975845970/»,-ասված է տարածած հաղորդագրության մեջ:
Կազմակերպիչները նաև նշում են, որ Թեղուտը Լոռվա մարզում է: Այն Հայաստանի ամենալավ պահպանված անտառն է: Թեղուտի հանքարդյունաբերական ծրագիրը, որը հաստատվել է 2007 թ. ՀՀ Սահմանադրության, օրենքների և միջազգային կոնվենցիաների բազմաթիվ խախատումներով, իր չափերով և նախատեսվող ավերածությունների ծավալով ամենամեծն է անկախ Հայաստանի պատմության մեջ:
Վերանալու և թունավորվելու է ավելի քան 1500 հեկտար էկոհամակարգ` իր անտառով, գետերով, հազվագյուտ կենդանական ու բուսական տեսակներով: Շուրջ 70 հա անտառ արդեն հատվել է և ընթանում է հանքի ենթակառուցվածքների շինարարությունը: 2012 թ. գարնանը նախատեսվում է սկսել պայթեցումները հանքի տարածքում: Թեղուտում կառուցվելու է կովկասյան տարածաշրջանի ամենամեծ պոչամբարը` 500 միլիոն տոննա խիստ թունավոր թափոններով, որոնք շատ մեծ հավանականությամբ օդի, ջրի, հողի միջոցով թափանցելու են մարդկային օրգանիզմ` առաջացնելով նյարդային, թոքերի, սրտանոթային հիվանդություններ, մաշկի քաղցկեղ, սաղմի զարգացման արատներ:
Հանքարդյունաբերական գաղութների վերածված պետությունների (աֆրիկյան, հարավ-ամերիկյան, ասիական) փորձից հայտնի է, որ այդ երկրների բնակչության բարեկեցությունը չի ավելացել, հարստությունը լցվել է կոռումպացված պաշտոնյաների և մասնավոր բիզնեսի գրպանը: Երկրները վերածվել են զարգացած պետությունների հանքահումքային կցորդների, իսկ բնակչությունը մնացել է կոտրած տաշտակի առջև` կորցնելով թե՛ բնական ռեսուրսները, թե՛ շրջակա առողջ միջավայրը: Միջազգային այս փորձի վկայությունն են հանդիսանում նաև ՀՀ-ում գործող բոլոր հանքերը:
«Բոլորս դեպի Թեղուտ ... ոչնչացման ենթակա անտառի 95 տոկոսը դեռ կանգուն է:
Ակցիայի սկիզբը Երևանից` հունվարի 15-ին, առավոտյան 08:00, Բարեկամություն մետրոյի մոտից (Կիևյան փող.)»,-տեղեկացնում է նախաձեռնությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում