Արթուր Աբրահամ. «Չեմ թերագնահատում Ֆարիասի հնարավորությունները»
Գերմանիան ներկայացնող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի մենամարտը կկայանա շաբաթ օրը` 2012 թ. հունվարի 14-ին, Գերմանիայի Օֆֆենբուրգ քաղաքում, «Բադեն-Արենա» համալիրում: Մրցելույթը կցուցադրվի Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում: Արթուր Աբրահամի մրցակիցն արգենտինացի 23-ամյա Պաբլո Օսկար Նատալիո Ֆարիասն է: Վերջինս 19 մենամարտում ոչ մի պարտություն չի կրել: Այս մասին հայտնում է Արթուր Աբրահամի հայաստանյան մամլո խոսնակ Սիրան Գրիգորյանը:
«Մոտենում է ինձ համար երկար սպասված մենամարտը: Հաղթելու ձգտումս օրեցօր մեծանում է: Երկար եմ պատրաստվել, մեծ աշխատանք կատարել` նախորդ մարտերում թույլ տված սխալներս շտկելու ուղղությամբ: Չեմ թերագնահատում Ֆարիասի հնարավորությունները. նա ուժեղ մարզիկ է, դեռևս` անպարտ: Այդուհանդերձ, համոզված եմ, որ 2012 թվականն ինձ համար նոր հաղթանակների սկիզբ է լինելու: Նպատակ ունեմ վերանվաճել աշխարհի չեմպիոնի կոչումը: Հունվարի 14-ին դիտարժան մրցելույթ եմ խոստանում բռնցքամարտի սիրահարներին»,- նշում է Արթուր Աբրահամը` կրկնելով, որ կրկին նվաճելու է աշխարհի չեմպիոնի տիտղոսը, և տիտղոսային մենամարտը կայանալու է Բեռլինի «O2 World» մարզահամալիրում:
Հիշեցնենք, որ Արթուր Աբրահամը գերմանական «Sauerland Event» պրոմոուտերական ընկերության հետ կնքած պայմանագիրը երկարաձգել է մինչև 2014 թ.:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան