Փակ շուկայի տարածքում տրակտորներ են աշխատում, իսկ մշակույթի նախարարությունն ասում է` մաքրման աշխատանքներ են
Մաշտոցի պողոտայում գտնվող, 1952 թվականին կառուցված, արդեն նախկին Փակ շուկայի շինությունն ընդգրկված է պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկում: Իսկ դա նշանակում է, որ կառույցը գտնվում է պետության պաշտպանության ներքո: Կառույցը սակայն անհատի սեփականություն է: Նախ այն պատկանում էր «Մուլտի գրուպ» կոնցեռնին , այնուհետ` անցած տարի վաճառվեց մեկ այլ գործարար պատգամավորի` Սամվել Ալեքսանյանին:
Այսօր նախկին փակ շուկայի տարածքում տրակտորներ են աշխատում: Panorama.am-ի լուսանկարչին թույլ չեն տվել լուսանկարներ անել` պատճառաբանելով, որ տարածքի պատասխանատուն` Մարատ Ափիյանը, այդտեղ չի, կգա մի քանի ժամից ու նկարելու թույլտվության կամ կտա, կամ չի տա: Պողոտայից նայողները չեն էլ գուշակի, որ լուսանկարի դարպասների հենց հետևում տրակտորներ են աշխատում: Աշխատակիցներն ասել են, թե շուկան վերանորոգում են, իսկ ներքում էլ ստորգետնյա ավտոկայանատեղի են սարքում:
Տարածված տեղեկությունների համաձայն, Սամվել Ալեքսանյանը պատրաստվում է փակ շուկայի տարածքում հերթական «Yerevan city»-ն կառուցել: Ըստ այդ լուրերի, այն լինելու է ամենամեծը:
«Yerevan city»-ի գլխավոր գրասենյակն ու Սամվել Ալեքսանյանը մեր զանգերը թողեցին անպատասխան:
Մշակույթի նախարարության մամուլի քարտուղար Գայանե Դուրգարյանը Panorama.am-ի հարցապնդումներին պատասխանեց, թե, տարածքը ոչ թե քանդվում է, այլ մաքրվում: Տրակտորներով դժվար թե տարածքում մաքրություն անեն:
Նրա խոսքով, կառուցապատողը, /Դուրգարյանը հրաժարվեց բարձրաձայնել կառուցապատողի անունը/ ներկայացրել է նախնական նախագիծ, որպեսզի արվեն դիտողություններ, ինչի հիման վրա նրանք կպատրաստեն մեկ այլ նախագիծ, որն էլ պիտի քննարկվի գիտամեթոդական խորհրդում: Վերջինիս եզրակացությունից հետո ինչ-որ բաներ կարելի է անել:
Ըստ նախնական նախագծի, ի՞նչ է նախատեսվում այդտեղ կառուցել: Դուրգարյանն ասաց, որ նախագիծն ընդամենը սահմանում է, թե ինչ կարելի է անել, և ինչ` ոչ: Հարցրեցինք, կարելի՞ է ստորգետնյա ավտոկայանատեղի կառուցել, Դուրգարյանը նշեց, որ հարցերին չի կարող պատասխանել, նախ նախագիծը չի տեսել, ապա նախագծողի հետ քննարկվել է օրենսդրությունը, խնդիրները, որոնց հետ պետք է հաշվի նստի կառուցապատողը: «Հարցը գտնվում է մշակույթի նախարարության ուշադրության կենտրոնում»,-հավելեց Դուրգարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին