Ազգային կինոյի մրցանակաբաշխությունը` մարտի 15-20-ը. մրցանակն արդեն պատրաստ է
Ազգային կինոյի մրցանակաբաշխությունը տեղի կունենա մարտի 15-20-ը ընկած ժամանակահատվածում Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի ու բալետի ազգային ակադեմիական թատրոնում: «Կոնկրետ օր չեմ կարող նշել, քանի որ պետք է հարմարեցնենք օպերայի հետ: Գեղեցիկ պետք է ամեն ինչ կազմակերպվի, հարկավոր է մի քանի անգամ փորձ անել, բեմը գեղեցիկ ձևավորել», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը:
Նշենք, որ Հայաստանում առաջին անգամ է անցկացվելու Ազգային կինոյի մրցանակաբաշխությունը, որը հայ կինեմատոգրաֆիստների աշխատանքների ամենամյա ստեղծագործական բաց մրցույթ է: Ազգային կինոյի մրցանակաբաշխությունն ստեղծվել է ազգային կինոարտադրության խթանման ու զարգացման, նոր անունների բացահայտման, հայ հանդիսատեսին կինոթատրոններ վերադարձնելու, երկրի կինոգործիչներին համախմբելու, կինոարտադրության նոր նախագծերին օժանդակելու, ազգային կինոարտադրության լավագույն ավանդույթները պահպանելու նպատակով: Առաջին մրցանակաբաշխության համար ընդունվել են 1991-2011թթ. միայն Հայաստանում նկարահանված ֆիլմերը: Գ. Գևորգյանն ասաց, որ ստացել են 93 հայտ: Մրցույթն անցկացվելու է երկու փուլով: Երկրորդ փուլ են անցելու յուրաքանչյուր անվանակարգում 2-3 ֆիլմ, ապա կորոշվեն հաղթողները:
Ազգային կինոյի մրցանակաբաշխության շրջանակներում շնորհվելու է մրցանակ 12 անվանակարգերում. լավագույն գեղարվեստական ֆիլմ, լավագույն ռեժիսոր, լավագույն օպերատոր, լավագույն սցենարիստ, լավագույն նկարիչ, լավագույն երաժշտություն, լավագույն գլխավոր կնոջ դերակատար, լավագույն գլխավոր տղամարդու դերակատար, լավագույն կարճամետրաժ ֆիլմ, լավագույն վավերագրական ֆիլմ, լավագույն անիմացիոն ֆիլմ, լավագույն դեբյուտ կամ տարվա հայտնություն: Բացի հիմնական անվանակարգերից շնորհվելու է հատուկ մրցանակ հայկական կինոյի զարգացման մեջ ունեցած ավանդի համար:
Նշենք, որ Գ. Գևորգյանն ասաց, որ միայն առաջին մրցանակաբաշխության համար է ընտրվել 1991-2011 թվականների ընթացքում ՀՀ-ում նկարահանված ֆիլմերը, իսկ արդեն հաջորդ մրցանակաբաշխությունների ժամանակ` վերջին մրցանակաբաշխությունից հետո ընկած ժամանահատվածում նկարահանվածները, նաև ֆիլմեր նկարահանված հայկական թեմաներով, ֆիլմեր արտադրված հայ ռեժիսերների կողմից: Ըստ կինոկենտրոնի տնօրենի, հետագայում արդեն օտարազգի ռեժիսորների ֆիլմեր էլ կընգրկեն մրցանակաբաշխության ծրագրում:
Նա նաև տեղեկացրեց, որ արդեն պատրաստ է առաջին մրցանակաբաշխության մրցանակի էսքիզը, որի հեղինակն է դերասանուհի Իզաբելա Ներսիսյանը: «Իզաբելան ոչ ճարտարապետ է, ոչ դիզայներ, ոչ քանդակագործ չէ, ոչ նկարչուհի: Դերասանուհի է: Բայց հայտարարված մրցույթում հենց նրա ներկայացրած աշխատանքը հավանության արժանացավ խորհրդի ու ժյուրիի կողմից»,- ասաց Գ. Գևորգյանը, ապա մանրամասնեց, որ այն իրենից ներկայացնում է պատվանադանի վրա ձեռքի երկու մատների` բթամատի ու ցուցամատի միացություն, որը ֆիլմում կոչվում է «հայակ»:
Ազգային կինոյի մրցանակաբաշխության ժյուրիի նախագահ է Սոս Սարգսյանը, անդամներն են` Հենրիկ Հովհաննիսյան (արվեստաբան, թատերագետ), Կարինե Խոդիկյանը (դրամատուրգ), Զավեն Բոյաջյանը (կինոգետ), Գայանե Մարտիրոսյանը (մուլտիպլիկատոր), Ռուբեն Հովսեփյանը (գրող, թարգմանիչ), Նարեկ Թովմասյանը (արվեստաբան), Սուրեն Հասմիկյանը (կինոգետ), Հովիկ Հախվերդյանը (ռեժիսոր), Ռոբերտ Ամիրխանյանը (կոմպոզիտոր), Վահագն Հակոբյանը (օպերատոր):
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում