Ճապոնիան կկրճատի իրանական նավթի ներկրումը
Ճապոնիան պատրաստ է արագ և պլանային ժամանակացույցով կրճատել Իրանից ներկրվող նավթի ծավալները, այդպիսով միանալով ԱՄՆ-ի կողմից սահմանաված Իրանի նկատմամբ պատժամիջոցներին:
Այս մասին հաղորդում է «Իտառ-Տասս» գործակալությունը, հղում անելով Ճապոնիայի ֆինանսների նախարար Ձյուն Ազումիի հայտարարությանը: Տեղեկատվության համաձայն, ճապոնացի նախարարն այս հայտարարությունն արել է իր ամերիկացի գործընկեր Թիմոտի Գայթների հետ ունեցած բանակցություններից հետո:
«Մենք կրճատելու ենք իրանական նավթի ներկրման ծավալները արագ և պլանային հիմքերով», - ասել է Ճապոնիայի ֆիննախարարը:
Ճապոնական լրատվամիջոցների հաղորդմամբ, նման քայլի դիմաց, Տոկիոն Վաշինգտոնից ակնկալում է չտարածել ամերիկյան լրացուցիչ պատժամիջոցները այն ճապոնական կազմակերպությունների վրա, որոնք իրանական Կենտրոնական բանկի հետ որոշակի ֆինանսական գործարքների մեջ են:
Հատկանշական է, որ երեկ մինչ Ճապոնիայի ժամանումը, Թիմոտի Գայթները այցով գտնվում էր Չինաստանում, որտեղ ամերիկացի պաշտոնյային այդպես էլ չէր հաջողվել սկզբունքային համաձայնություն ձերք բերել իրանական նավթի նկատմամբ պատժամիջոցներին միանալու հարցում:
Ճապոնիան, Չինաստանից հետո Թեհրանի երկրորդ խոշոր առևտրային գործընկերն է, որն Իրանի Իսլամական հանրապետութունից գնում է մոտ 350 հազար բարել նավթ մեկ օրում: Ճապոնիայի նավթամատակարարների ցանկում Իրանը զբաղեցնում է չորրորդ տեղը Սաուդյան Արաբիայից, ԱՄԷ-ից և Քաթարից հետո:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա