Լ. Ավետիսյան. Իրավիճակը անհանգստացնող չէ
Հայաստանում սուր շնչառական վարակների առումով համաճարակային իրավիճակը անհանգստացնող չէ: Իրավիճակը վերահսկվում է, պարբերաբար իրականացվում է մոնիտորինգ, բնակչության շրջանում տարվում է բացատրական աշխատանքներ: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժին պետ Լիլիթ Ավետիսյանը: Նա նշեց, որ հունվարյան արձակուրդները նպաստել են սուր շնչառական հիվանդությունների չտարածմանը, քանի որ մարդիկ հենց աշխատանքի վայրում կամ ուսումնական հաստատություններում են միմյանցից վարակվում:
Ինչ վերաբերում է վերջին շրջանում բավականին տարածված ջրծաղիկ հիվանդությանը, Լ. Ավետիսյանն ասաց, որ իրավիճակը կրկին սովորական է, այնպես է, ինչպես միշտ: Ընդհանրապես, ինչպես ջրծաղիկ, այնպես էլ սուր շնչառական այլ հիվանդություններով չվարակվելու կամ նման հիվանդությունների կանխարգելման ամենապարզ ու արդյունավետ միջոցը` ձեռքերը պարբերաբար լվանալն է ու, ընդհանրապես, ընդհանուր հիգիենային հետևելը:
Նշենք, որ գրիպից կամ սուր շնչառական վարակներից խուսափելու համար ՀՀ առողջապահության նախարարությունը պարբերաբար հիշեցնում ու խորհուրդ է տալիս` խուսափեք հիվանդների հետ շփումից, եթե հիվանդ եք, մնացեք տանը, եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին, ոչ մի դեպքում մի զբաղվեք ինքնաբուժմամբ, հագնվեք եղանակին համապատասխան, օգտագործեք հնարավորինս շատ հեղուկներ, հաճախակի օդափոխեք փակ տարածքները:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա