Առաջին անգամ Հայաստանում կանցկացվի «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթը
Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը Հայաստանի Ռոբոտների Բաց Առաջնության /ԱրմՌոբոտիքս/ շրջանակում 2012թ.-ին հայտարարում է «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթը: Մասնակիցների առջև դրված խնդիրն է նախագծել ու պատրաստել այնպիսի թռչող սարքեր, որոնք թռիչքի ընթացքում կուսումնասիրեն տարածքը, կհասկանան տեղորոշման համար նախատեսված նշանները, առցանց կուղարկեն պատկերներ, կգտնեն հատուկ նշանատեղը, նշանատեղին կնետեն մինչև 300գ բեռ և կվերադառնան մեկնարկի կետ:
Միությունից պարզաբանում են, որ ռոբոտը կարող է ունենալ կառուցման ցանկացած տեսակ` VTOL (ուղղահայաց թռիչք և վայրէջք), CTOL (սովորական թռիչք և վայրէջք), STVOL (կարճ թռիչք և վայրէջք) և այլն: Ռոբոտի թռիչքը և վայրէջքը կարող է կատարվել թե՛ ավտոմատ, թե՛ հեռակառավարմամբ:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել այս կայքում և գրանցումից 10 օր անց ներկայացնել ռոբոտի ամբողջական նախագիծը և կոնցեպտը: Միությունը ռոբոտ պատրաստելու համար անհրաժեշտ մասեր կտրամադրի այն 5 թիմերին, որոնք կներկայացնեն ռոբոտի լավագույն կոնցեպտը: Մրցույթին կարող են մասնակցել նաև թիմեր, որոնք նախօրոք գրանցված չեն եղել, բայց ունեն պատրաստ ու մրցույթի պայմաններին համապատասխան ռոբոտ:
«Անօդաչու թռչող սարքեր» մրցույթի գրանցումը կընթանա հունվարի 13-ից մարտի 12-ը:
Մրցույթի կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը, գլխավոր հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը, տեխնիկական հովանավորը` ԱրթինՎարուժան ընկերությունը, աջակիցները` ՀՀ Պաշտպանության նախարարությունը, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան