Արթուր Աբրահամի մենամարտը` այսօր. Երեկ մրցակիցները կշռվել են
Գերմանիայում տեղի է ունեցել հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի և նրա մրցակցի` արգենտինացի Պաբլո Ֆարիասի կշռման արարողությունը: Արթուր Աբրահամը կշռում է 76 կգ, Պաբլո Ֆարիասը` 75.3 կգ:
Այս մասին հայտնեց Արթուր Աբրահամի հայաստանյան մամլո խոսնակ Սիրան Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ մենամարտը կայանալու է այսօր` Գերմանիայի Օֆֆենբուրգ քաղաքի «Բադեն-Արենա» համալիրում: Մրցելույթը ցուցադրվելու է Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում, Հայաստանի ժամանակով 01:30-ին: Արթուր Աբրահամի մրցակից 23-ամյա Պաբլո Օսկար Նատալիո Ֆարիասը իր կարիերայի ընթացքում ունեցել է 19 մենամարտ և ոչ մի պարտություն:
Արթուր Աբրահամը ծնվել է 1980 թվականի փետրվարի 20-ին, Երևանում: Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում բնակվում է 2004 թվականից: ՀՀ քաղաքացի լինելուց բացի` 2005 թվականից ունի նաև Գերմանիայի քաղաքացիություն: Իր մարզական կարիերայի ընթացքում ունեցել է 35 մենամարտ, որոնցից 32-ում հաղթել է` համաշխարհային դասակարգման աղյուսակներում գրավելով առաջատար հորիզոնականներ: 4 տարի անընդմեջ (2006-2010) Աբրահամը ճանաչվել է Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկ: Հայոց բանակում ծառայած պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը Հայաստանի զինված ուժերի «Անդրանիկ Օզանյան» շքանշանակիր է (2007թ. հունիսի 1-ից): 2011 թվականի սեպտեմբերի 16-ին` ՀՀ անկախության 20 ամյակի միջոցառումների շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվել է 1-ին աստիճանի մեդալով «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» (Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, միջազգային մրցասպարեզներում ունեցած մեծ հաջողությունների, ձեռք բերած մարզական փայլուն նվաճումների համար):
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում