Ի՞նչ բեռնաթափում. 2011թ-ին երևանցի 67 մանուկ տեղավորվել է մանկատուն
2011թ-ին Երևանի քաղաքապետարանի Երեխաների իրավունքների պաշտպանության բաժնում հաշվառվել է առանց ծնողական խնամքի մնացած և նրանց թվին պատկանող 82 անձ, իսկ ընտանիքներից, մանկատներից, խնամակալության և հոգաբարձության մարմիններից ստացված տեղեկության և համապատասխան փաստաթղթերի ուսումնասիրության հիման վրա բաժնի կողմից տրվել է 67 երեխաների մանկատանը տեղավորելու և 12 երեխայի՝ մանկատնից կենսաբանական ընտանիք վերադարձնելու մասին եզրակացություն։
Այս մասին տեղեկանում ենք հիշյալ բաժնի 2011թ-ին իրականացված աշխատանքների ու դրանց արդյունքների վերաբերյալ հրապարակված հաշվետվությունից:
Ինչ վերաբերում է մանկատանը տեղավորելու հանգամանքին, ընդ որում այստեղ նշված է միայն երևանաբնակ երեխաների թիվը (67-ը միայն մեկ տարում), ապա հիշեցնենք, որ իրավիճակը, ըստ տրամաբանության, պետք է լիներ լրիվ հակառակը, քանզի պետությունը հայտարարել է ու իրականացնում է մանկատների բեռնաթափման քաղաքականություն: Սակայն այդ քաղաքականության արդյունքում անցյալ տարի ընդամենը 12 երեխա է մանկատնից դեպի ընտանիք ճամփա անցել:
ՀՀ կառավարության 08.05.2008թ. N 459-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն՝ կատարվել է նաև խնամատար ծնող դառնալ ցանկացող քաղաքացիների կենսապայմանների ուսումնասիրություն, որի հիման վրա տրվել է 2 եզրակացություն խնամատար ծնող դառնալու հնարավորության մասին։ Բացի այս, նախապատրաստվել ու Երևանի քաղաքապետի հաստատմանն են ներկայացվել խնամատար ծնողներին պետական բյուջեով նախատեսված միջոցներ տրամադրելու մասին պայմանագրերը։
Քաղաքապետարանի հիշյալ բաժնի աշխատակիցները 2011թ-ին ուսումնասիրել են նաև մայրաքաղաքում «Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրի շրջանակում մանկատան 1991-2007թթ. 72 շրջանավարտներին տրամադրված բնակարանների դիտարկում` ստուգել են նրանց բնակության փաստը:
Ինչ վերաբերում է սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին, ապա 22 երեխա տեղավորվել է Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններում, որտեղից նույն ժամանակահատվածում դուրս է գրվել 28 երեխա։