Արցախի նախագահը հրավիրել է խորհրդակցություն
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը այսօր հրավիրել է խորհրդակցություն` նվիրված Ստեփանակերտ քաղաքի ջրամատակարարման բարելավման աշխատանքների ընթացքին, հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նախագահն ընդգծել է, որ ջրային համակարգը և նրա բարելավումը հանրապետության սոցիալ-տնտեսական առանցքային ուղղություններից է, և այստեղ առանձնակի նշանակություն ունի Ստեփանակերտի ջրամատակարարման բարելավումը: Երկրի ղեկավարը նշել է, որ մեծ աշխատանք է կատարվել մայրաքաղաքի շուրջօրյա ջրամատակարարումը ապահովելու ուղղությամբ:
Միևնույն ժամանակ Բակո Սահակյանը նշել է, որ Ստեփանակերտի ջրամատակարարման ցանցի բարելավման ծրագրով իրականացված աշխատանքների ընթացքում ի հայտ են բերվել մի շարք թերություններ և բացթողումներ:
Նախագահ Սահակյանը շեշտել է, որ նման աշխատաոճն ու վերաբերմունքը բացարձակապես անթույլատրելի են և նույնիսկ վտանգ են ստեղծում ջրամատակարարման համակարգի անխափան և արդյունավետ աշխատանքի համար:
Նախագահը կառավարությանը և շահագրգիռ մարմիններին հանձնարարել է հնարավորինս կարճ ժամանակահատվածում վերացնել առկա բոլոր թերությունները` ուժեղացնելով հսկողությունը, եւ լայնորեն լուսաբանելով իրականացվող աշխատանքները ԶԼՄ-ների միջոցով:
Խորհրդակցությանը մասնակցել են վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: