Հունվարի 17-ին Դինքի սպանության գործով դատավճի՞ռ է կայացվելու
Ըստ թուրքական «Ռադիքալ» (Radikal) պարբերականի` Ստամբուլի «Ագօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով արդեն 5 տարի տևող դատավարությունը հունվարի 17-ին կավարտվի դատավճռի կայացմամբ:
Աղբյուրի համաձայն` նախորդ դատավարության ժամանակ դատական հանձնաժողովի նախագահ Ռյուսթեմ Էրյըլմազը հայտարարել էր, որ բոլոր փաստաբանները ներկա են լինելու հունվարի 17-ի դատալսմանը, քանի որ հնարավոր է դատավճիռ կայացվի: Սակայն սրան բացասաբար են արձագանքել Դինքի փաստաբանները` պնդելով, որ եթե այս փուլում որոշում կայացվի, ապա դատավարությունը թերի կլինի:
Դինքի փաստաբաններից Արզու Բեջերիկը, հայտնել է, որ գործի հետ կապված որոշ մարդիկ դեռ չեն հարցաքննվել, իսկ Թուրքիայի Հաղորդակցության ու Կապի նախարարության կողմից դատարան ուղարկված ձայնագրությունների քննությունը դեռ չի ավարտվել:
Բեջերիկը նշել է, որ Դինքի դատավարության երրորդ տարում Հաղորդակցության ու Կապի նախարարության կողմից դատարան ուղարկված գաղտնալսումների ձայնագրություններից պարզ է դարձել, որ մարդասպան Օգյուն Սամասթը մենակ չի գործել և այդ փաստն առայժմ անհրաժեշտ քննության չի ենթարկվել: Ուստի առանց այս մանրամասները ճշտելու չի կարելի դատավճիռ կայացնել:
Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվել է 2007 թ. հունվարի 19-ին` Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ագoս» թերթի խմբագրատան առջև: