Ժողովրդագիր. Ծնելիության թվերն էլ ավելի կնվազեն, երբ ասպարեզ գա 90-ականներին ծնված փոքրաթիվ սերունդը
Թեև 2011 թվականին կայացած մարդահամարի արդյունքները պաշտոնապես դեռ չեն հրապարակվել, ժողովրդագիր Ռուբեն Եգանյանի կարծիքով Հայաստանի բնակչության թիվը 2,8-2,9 միլիոն է: Այսօր ասուլիսի ժամանակ անդրադառնալով երկրի ժողովրդագրական իրավիճակին` փորձագետը ցավով արձագանքեց, որ մեր հանրապետությունում ծնելիության տեմպերը նվազման միտումներ են ստանում:
«Անցյալ տարվա տվյալները վկայում են, որ ծնելիության աճի` վերջին մի քանի տարիներին գրանցված դրական տեմպերը զուտ ժամանակավոր բնույթ էին կրում: Նախորդ տարի արդեն իսկ պարզ դարձավ, որ ծնվածների բացարձակ թիվը նվազման միտում է ցույց տալիս», - ասաց նա` հավելելով, որ ծնելիության բարձր մակարդակը պայմանավորված էր 1980-ական թվականներին ծնված սերնդի վերարտադրողականությամբ:
Ըստ բանախոսի` ծնելիության տեմպերն ու թվերն էլ ավելի կնվազեն, երբ ասպարեզ գա 90-ականներին ծնված փոքրաթիվ սերունդը:
«Մենք վաղուց ենք թևակոխել վտանգավոր փուլ, և գալու է մի ժամանակ, երբ բնական վերարտադրության մակարդակը խիստ նվազելու է, այն արդեն իսկ նվազում է», - հավելեց նա:
Փորձագետին անհանգստացնում է այն հանգամանքը, որ հայկական ընտանիքներում նախընտրում են երկուսից ավել երեխա չունենալ:
«Փաստացի, ծնողները վերարտադրում են միայն իրենց, ինչը` հաշվի առնելով մահացության մակարդակը, չի ազդում ազգաբնակչության թվի վրա»,- ասաց նա: Բանախոսը նաև մտահոգություն հայտնեց, որ ժողովրդագրական նման պայմաններում արտագաղոթում են վերարդադրող սերնդի ներկայացուցիչները:
Ըստ բանախոսի` երրորդ և ավելի երեխաների համար պետության կողմից տրվող նպաստները չեն կարող լուրջ խթան լինել, որպեսզի զույգերը մտածեն շատ թվով երեխաներ ունենալու մասին:
«Միայն սոցիալապես անապահով ոչ հեռատես մարդիկ կարող են պահի ազդեցության ներքո ոգևորվել տրվող նպաստի հանգամանքից` որոշելով երրորդ և ավելի երեխա ունենալ: Նման կերպ մենք կարող ենէ հետագայում սոցիալական լուրջ խնդիրներ ունենալ»,- կարծիք հայտնեց ժողովրդագիրը:
Փորձագետի գնահատմամբ, այսօր ծնելիության տեմպերի մակարդակը դեռ շարունակում է բարձր մնալ մահացության մակարդակից
«Արդեն Հայաստանում նկատվում են ժողովրդագրական նույն միտումները, ինչ Ռուսաստանում և Եվրոպայում»:
Նշենք, որ միջազգային պաշտոնական հետազոտությունների համաձայն, Եվրոպայում և Ռուսաստանում մահացության մակարդակը գերադասում է ծնելիության մակարդակին, նկատվում է բնակչության «ծերացում» :