«Պոլիտեխնիկի» միջնապատը քանդվեց, բայց բուհերը չեն միավորվելու. Հայաստանը գնալու է կոնսորցիումների ճանապարհով
Հայաստանի պետական ճարտարագիտական և Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարաններն այսուհետ որևէ անջրպետ միմյանց մեջ չեն ունենա: «Կրթությունն առանց սահմանների» կարգախոսի ներքո այսօր քանդվեց դեռ 1989 թվականին երկու բուհերի միջև ընդհանուր շենքի շքամուտքում կանգնեցված միջնապատը:
Ժամանակի հրամայականով 1989 թվականին ձևավորվել էին երկու առանձին համալսարաններ: Նման քայլով պետք է լուծվեր ուսումնակրթական բազաների հավասար տեղաբաշխման ապահովման հարցը, սակայն որևէ դրական արդյունք չարձանագրվեց: Այդ բացը լրացնելու նպատակով երկու համալսարանների ռեկտորներ Արա Ավետիսյանի (ՀՊՃՀ) և Հովհաննես Թոքմաջյանի (ԵՃՇՊՀ) որոշմամբ առանց կոմերցիոն պայմանների երկկողմ կշահագործվեն երկու բուհերի ուսումնալաբորատոր, սպորտային և այլ բազաներ:
Ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց արարողությանը ներկա նախարար Արմեն Աշոտյանը, բուհերի ղեկավարությունների որոշումը միտված է «Կրթություն առանց սահմանների» կարգախոսը կյանքի կոչելուն, որը գործնականում հնարավորություն կընձեռնի ոչ միայն լիարժեք օգտագործելու երկու համալսարանների հնարավորությունները, այլև կնպաստի գիտակրթական մտքի զարգացմանը:
«Հայաստանում անցել են ժամանակները, այդ թվում նաև կրթության ոլորտում, երբ որ կարելի էր ասել, թե «այս սարն իմն է, այս ծառն իմն է» և նույն կերպ թե «այս շքամուտքն իմն է, այս ուսանողն` իմը»:
Այս անջրպետը քանդելով` ընդհանուր ուսանողական տարածք է ստեղծվում: Մեր բուհերը ոչ թե իրարից առանձնանալու, պատնեշավորվելու, այլ` ճիշտ հակառակը` իրար հետ համագործակցելու և համատեղ աշխատելու կարիք ունեն: Պատերը պետք է քանդվեն, բոլոր ջրբաժանները` հարթվեն», - ասաց Ա.Աշոտյանը:
Միաժամանակ նախարարն ընդգծեց, որ երկու հիշյալ համալսարանների միջև բոլոր արգելքները քանդելով` հաստատությունները չեն միավորում:
«Սա չի ենթադրում, որ բուհերը միավորվելու են: Միջնաժամկետ կտրվածքով դրա մասին խոսք չի գնում: Իհարկե, մենք ունենք բուհերի կոնսոլիդացման խնդիր, գիտակրթական կադրերի միասնականացման խնդիր, ներուժի հզորացման խնդիր: Կանխելով հետագա խոսակցությունները` ասեմ, որ մոտ ապագայում ՀՊՃՀ և ԵՃՇՊՀ միավորում չի նախատեսվում: Լինելու է համագործակցություն, զուգահեռ ինտեգրում` գիտակրթական բոլոր գործընթացներին», - ասաց նախարարը:
Ըստ Ա.Աշոտյանի`երկու բուհերի միջև համագործակցության նոր մակարդակը կարող է դառնալ մի փորձ կիրառելու Արևմուտքում մեծ կիրառում ունեցող ուսհաստատությունների կորսորցիումների գաղափարը:
«Ամբողջ Եվրոպան այսօր գնում է բուհական կոնսորցիումների ճանապարհով, այսինքն` բուհերն առանձին գոյություն ունեն, բայց համախմբվում են մեկ ընդհանուր կազմակերպության մեջ: Այդ ձևաչափով ավելի հեշտ է աշխատել` կրթական ոլորտի բարեփոխումների վրա: Կոնսորցիումների, համագործակցության ճանապարհը, այո, Հայաստանում դառնալու է իրականություն», -եզրափակեց նախարարը:
Նշենք, որ «Կրթությունն առանց սահմանների» կարգախոսը հռչակված է Բոլոնիան գործընթացով և միտված է գործնականում մեծացնել համագործակցությունը բուհերի միջև:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան