ԵՊՀ ռեկտոր. Մինչև 2013թ. մայիս 1300 երիտասարդ մտավորականներ ապահովված կլինեն իրենց համար մատչելի բնակարաններով
Այսօր տեղի ունեցավ Երևանի Պետական Համալսարանի խորհրդի նիստ, որը վարեց ՀՀ նախագահ, ԵՊՀ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը: Մինչև օրակարգին անցնելը երկրի ղեկավարն անդրադարձավ տարիներ առաջ ԵՊՀ ուսանողների և երիտասարդ գիտնականների հետ իր հանդիպումների արդյունքում սկիզբ դրված և հաջողությամբ իրականացվող ծրագրերին, որից հետո քննարկվեց Մայր բուհի 2012 թվականի պետբյուջեն, նախորդ տարվա գիտակրթական և ֆինանսական կատարողականը, հստակեցվեցին հակակոռուպցիոն ծրագրերը:
Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, 2011 թվականը տարբերվեց նախորդ տարիներից նրանով, որ դպրոցներում շրջանավարտներ չեն եղել, և բակալավրիատի առաջին կուրսեր ընդունվողների թիվը շատ փոքր է եղել:
«Չնայած դրան, ԵՊՀ-ը տարին վատ չի փակել նաև ֆինանսական առումով` 2011-ի սկզբին դրված խնդիրները կատարվել են», - վստահեցրեց նա:
Ըստ ռեկտորի` 2011 թվականին հնարավորություն եղավ շարունակել համալսարանը նոր սարքավորումներով վերազինելու ծրագիրը, որն իրականացվում է արդեն երրորդ տարին` գտնվելով ՀՀ նախագահի անմիջական վերահսկողության ներքո: Ա.Սիմոնյանը տեղեկացրեց, որ ծրագրի իրագործման համար 2011 թվականի կտրվածքով տարեկան 160 միլիոնից ավել դրամ է ծախսվել:
Համալսարանի ղեկավարը գոհունակությամբ նշեց նաև, որ տարվա ընթացքում շարունակելիություն ունեցավ բուհի գիտադասախոսական կազմին բնակարաններով ապահովելու գործընթացը:
«Մինչև 2013թ. մայիս ծրագրի այդ փուլը կավարտենք, որի արդյունքում 1300 երիտասարդ մտավորականներ ապահովված կլինեն իրենց համար մատչելի բնակարաններով», - վստահեցրեց նա:
Խոսելով հակակոռուպցիոն միջոցառումների մասին, Ա.Սիմոնյանը նշեց, որ ստեղծվել է հակակոռուպցիոն հանձնաժողով, որին , բացի գիտական և դասախոսական կազմից, մասնակցում է նաև 2 ուսանող: Ըստ ռեկտորի, որոշակի առաջընթաց է նկատվում դասախոսների որակավորման և ուսանողների կողմից գնահատման գործընթացներում:
«Դասախոսների գնահատումն իրականացվում է տարեկան երկու անգամ, որին մասնակցում է բուհի սուանողների շուրջ 75%-ը: Անանուն հարցման արդյունքում պարզ են դառնում դասախոսների մասնագիտական, մանկավարժական, ինչպես նաև մարդկային և բարոյական կերպարները», - նշեց նա:
Ըստ Ա.Սիմոնյանի` ավելի թափանցիկ է դարձել նաև քննական գործընթացը: «Յուրաքանչյուր մարդ կարող է մասնակցել քննությանը` իհարկե չխանգարելով քննական գործընթացին», - վստահեցրեց նա` հիշեցնելով, որ նման պրակտիկա արդեն մի քանի տարի կիրառվում է ընդունելության քննությունների ժամանակ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան