Ընտրական տարին ՀԱԿ-ը դիմավորել է ընտրազանգվածի լուրջ կորուստներով
Անդրադառնալով անցած տարում Հայաստանի ներքաղաքական կյանքին, որի տրամաբանական շարունակությունը լինելու են խորհրդարանական ընտրությունները` «Голос Армении»-ն ներկայացրել է 2011-ի առավել կարևոր ներքաղաքական իրադարձությունները: Ամենակարևոր քաղաքական իրադարձություններից էր կոալիցիոն հուշագիրը, որում հստակ ասվում է, որ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և «Օրինաց երկիրը» քաղաքական կոալիցիա են կազմում, որն իր վրա է վերցրել երկրում կատարվող քաղաքական, տնտեսական, սոցիալական զարգացումների համար պատասխանատվությունը, իսկ դա նշանակում է, որ այսօր, երբ կուսակցությունները որոշում են կայացրել առանձին-առանձին մասնակցել ընտրություններին, նրանցից և ոչ մեկը չի կարողանա քաղաքական դիվիդենտներ հավաքել երկրի վատ տնտեսական վիճակի համար մյուս կուսակցությանը մեղադրելու հաշվին, քանի որ նրանցից յուրաքանչյուրը հավասար պատասխանատվություն է կրում երկրում տիրող իրավիճակի համար:
Անդրադառնալով արտախորհրդարանական ընդդիմության գործունեությանը` թերթը մասնավորապես նշում է, որ արաբական աշխարհում տեղի ունեցած հեղափոխություններից հետո ՀԱԿ-ը հույս ուներ, որ «արաբական գարնան քամին» կփչի նաև Հայաստանում, սակայն ժողովուրդը հստակ ցույց տվեց, որ ցանկություն չունի շարժվել այլ երկրներից արհեստականորեն ներմուծված հեղափոխությունների ճանապարհով: Թերթը հիշեցնում է ՀԱԿ առաջնորդ Լ. Տեր-Պետրոսյանի սպեկուլյատիվ հայտարարություններն առ այն, որ պետությունը պարտավոր է 1մլն դոլար փոխհատուցում վճարել 2008-ի մարտի 1-ին մահացածների ընտանիքներին:
«Շատ լավ հասկանալով, որ իր պահանջները, մեղմ ասած, աբսուրդային են` Տեր-Պետրոսյանն անխղճորեն խաղում էր մարդկանց ողբերգության և զգացմունքների վրա»,-գրում է նյութի հեղինակը` նկատելով, որ Թատերական հրապարակ մուտք գործելուց և «քաղբանտարկյալների» ազատ արձակումից հետո ՀԱԿ-ի լսարանն սկսեց արագորեն նվազել, քանի որ պարզվեց, որ ՀԱԿ-ն այլևս զուրկ է իր պայքարի նպատակից: Ինչպես նշում է թերթը, ԼՏՊ-ի վերջին հույսը ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի միջև անվստահության անջրպետ առաջացնելն էր, սակայն ՀԱԿ-ի այդ «ռազմավարական կարևոր» ծրագիրը նույնպես ձախողվեց: