Սերժ Սարգսյանը` ԵՊՀ խորհրդի նիստում. Մենք մեր պարտավորությունները կատարել ենք և սպասում ենք նոր առաջարկությունների
Այսօր ԵՊՀ խորհրդի նիստում մինչ օրակարգին անցնելը, ՀՀ նախագահ, ԵՊՀ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է տարիներ առաջ ԵՊՀ ուսանողների և երիտասարդ գիտնականների հետ իր հանդիպումների արդյունքում սկիզբ դրված և հաջողությամբ իրականացվող մի քանի ծրագրերի:
«Առաջին այդպիսի ծրագիրը եղավ արտասահմանյան 20 առաջնակարգ բուհերում սովորող հայ երիտասարդների ուսման վարձերի հոգսը հոգալը, և այսօր 148 երիտասարդներ, ովքեր սովորում են աշխարհի լավագույն բուհերում, «Լույս» հիմնադրամի շահառուներն են»,-ասել է երկրի ղեկավարն ու ապա շարունակել.
«Երկրորդ այդպիսի ծրագիրը երիտասարդ գիտնականների, մանկավարժների, դասախոսների, նկարիչների, լրագրողների համար բնակարանային ապահովման ծրագիրն է, որի մի մասն արդեն իրականացվել է: Մինչև 2013թ. մայիս ծրագրի այդ փուլը կավարտենք, որի արդյունքում 1300 երիտասարդ մտավորականներ ապահովված կլինեն իրենց համար մատչելի բնակարաններով: Հաջորդ ծրագիրը երիտասարդ գիտնականների համար մի հիմնադրամի ստեղծումն էր, որի մասին նրանց հետ հանդիպման ժամանակ մենք պայմանավորվել ենք, և այդ ծրագիրն արդեն գտնվում է իրականացման փուլում: Բացի այն ծրագրերից, որոնք իրականացնում է պետությունը, այս ծրագիրը հավելյալ խթան կհանդիսանա երիտասարդ գիտնականների համար»:
Սերժ Սարգսյանի խոսքով, ԵՊՀ մյուս այդօրինակ ծրագիրը լաբորատորիաների վերազինումն էր: «Այս ուղղությամբ մենք մեր պարտավորությունները կատարել ենք և սպասում ենք նոր առաջարկությունների»,-ասել է ՀՀ նախագահը, նշելով, որ ցանկը կարելի է շարունակել՝ թվարկելով ևս մի շարք ծրագրեր, սակայն կարևորը դրանց քանակը չէ, այլ այն, որ համալսարանի կոլեկտիվը, ուսանողները, դասախոսները չեն սահմանափակվում միայն ներբուհական խնդիրներով:
Նախագահը նշել է, թե ուրախ է, որ հանդիպումների ժամանակ բարձրացվում են հարցեր, որոնք կենսական են և կարևոր նաև ընդհանուր կրթության և գիտության համար: Երիտասարդների հետ հանդիպումները օգտակար և արդյունավետ համարելով՝ Սերժ Սարգսյանը վերահաստատել է դրանք շարունակական դարձնելու իր պատրաստակամությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան