Ա. Սիմոնյանը կարևորում է ԵՊՀ-ում ներդրված երկդիպլոմանի մագիստրոսական ծրագրերը
Վերջին տարիներին պակասել է ԵՊՀ-ում կատարվող գյուտերի ու ստացած արտոնագրերի թիվը, ինչը առաջիկայում կդառնա առաջնահերթություններից մեկը: Այս մասին 2011 թվականն ամփոփող այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:
Միաժամանակ նա կարևորեց, որ 2011 թ.-ին համալսարանում ներդրվել են երկդիպլոմանի մագիստրոսական ծրագրերը:
«Գործընկեր համալսարաններն առայժմ երկուսն են», - ասաց նա:
Նշենք, որ ԵՊՀ-ն միջազգային համագործակցության պայմանագրեր և համաձայնագրեր ունի շուրջ 50 երկրների 187 համալսարանների, հաստատությունների և միջազգային կազմակերպությունների հետ:
Բուհի ղեկավարությանը գոհացնում է այս տարվա գիտական ակտիվությունը:
«Երբևէ այսպիսի քանակությամբ գիտական հրատարակություններ չենք ունեցել` 90 մենագրություն, 1800-ից ավելի հոդվածներ, որոնց մի մասը տպագրվել է միջազգային բարձր ռեյտինգ և ցիտման ինդեքս ունեցող հանդեսներում»,- ասաց Ա.Սիմոնյանը:
Ըստ ռեկտորի` հաշվետու ժամանակահատվածում գիտության թեմատիկ ֆինանսավորման 60%-ը բաժին է ընկել ԵՊՀ-ին:
«Լույս է տեսել 200 անուն գիրք, ընդհանուր ծավալը կազմում է մոտ 3 հազար հրատարակչական մամուլ», - հավելեց նա:
Ըստ ԵՊՀ ղեկավարության` 2010-2011 ուստարում ԵՊՀ առկա ուսուցման համակարգի ուսանողների թվակազմը եղել է 13736, որից 11234-ը` բակալավրիատում, իսկ 2502-ը` մագիստրատուրայում: Հեռակա ուսուցման համակարգում սովորել է 3588 ուսանող, որից 3199-ը` բակալավրիատում, իսկ 389` մագիստրատուրայում: Օտարերկրյա ուսանողների թիվը կազմել է 368, որից 312` առկա, իսկ 50-ը` հեռակա ուսմամբ:
Ա.Սիմոնյանը նաև տեղեկացրեց, որ այսօր տեղի ունեցած ԵՊՀ խորհրդրի նիստում ներկայացված 2012 թվականի եկամուտների և ծախսերի նախահաշվի համաձայն Մայր բուհի բյուջեն կկազմի 7.660.183.000 դրամ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան