Տղաները կհասցնեն հանձնել ընդունելության քննությունները՝ նախքան բանակ զորակոչվելը. Ա.Աշոտյանն է վստահեցնում
Ընդունելության քննություններն այս տարի կանցկացվեն շտեմարանային եղանակով` «Հայոց լեզու» և «Մաթեմատիա» առարկաններից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ շտեմարաններում կընդգրկվեն թեստեր հայտնի շտեմարաններից, ինչը կտրուկ կնվազեցնի թեստերի հետ կապված դժգոհությունները, կոռուպցիոն ռիսկերը, ինչպես նաև ավելի մատչելի կդարձնի ընդունելության գործընթացը բոլոր աշակերտների համար:
Նախարարը հայտնեց, որ այս տարեվերջին շտեմարաններ կմաշկվեն բոլոր առարկաներից և արդեն 2013թ-ին բոլոր առարկաներից քննությունները՝ թե գրավոր, թե բանավոր, կանցկացվեն շտեմարանային եղանակով:
Ինչ վերաբերում է ընդունելության քննությունների կարգի հաստատմանը, Աշոտյանը տեղեկացրեց, որ թեև այն դեռևս հաստատված չէ, բայց մի բան հստակ է` ժամկետների խախտում չի լինելու:
«Գործընթացը կսկսվի ժամանակին, սակայն կավարտվի ավելի շուտ. այս տարի շուտ ենք կախելու ընդունելության քննությունների արդյունքների ցուցակները: Դա արվելու է նրա համար, որ ավելի շուտ իմանանք, թե արական սեռի դիմորդներից ովքեր են ընդունվել, ովքեր ոչ, որպեսզի չխոչնդոտենք զինվորական կոմիսարիատներին՝ աշխատել չընդունված տղաների հետ»,- պարզաբանեց նախարարը և հավելեց.
«Բոլոր ծնողներին վստահեցնում եմ, իրենց զավակները կհասցնեն հանձնել ընդունելության քննությունները՝ նախքան բանակ զորակոչվելը»:
Ա.Աշոտյանն անդրադառնալով միջին մասնագիտական կրթության ոլորտում սպասվող բարեփոխումներին` նշեց, որ նախատեսվում է մշակել ու ներդնել 17 մասնագիտությունների գծով կրթական նոր չափորոշիչներ, որոնք կապված են ներկայիս աշխատաշուկայի հստակ պահանջարկի հետ, ինչպես նաև հեռանկարային են Հայաստանի տնտեսության համար:
Նշվեց նաև, որ ուսումնարանների ու քոլեջների 850 տնօրեններ և մանկավարժներ կվերապատրաստվեն միջազգային կազմակերպությունների աջակցությամբ, իսկ 2012-ի սեպտեմբերից նախատեսվում է նախնական և միջին մասնագիտական գծով պետպատվերի տեղերի 50 տոկոս ավելացում: «Սա նշանակում է շուրջ 2000 նոր անվճար տեղ ուսումնարանում ու քոլեջներում, որպեսզի կարողանանք մեր տնտեսությունը սպասարկել համապատասխան որակավորում ունեցող կադրերով և չսևեռվենք միայն բուհական կրթության վրա, ինչը տարիներ շարունակ արել ենք՝ խեղելով կրթություն-աշխատաշուկա կապը»,- ասաց Ա.Աշոտյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան