Այս տարի առաջին անգամ կանցկացվի հանրակրթական հաստատությունների վարկանիշավորում
2012թ-ին կրթության բնագավառում ոչ միայն նոր միջոցառումներ, քայլեր են ձեռնարկվելու, այլև կրթության ոլորտի առանձնահատկություններից՝ շարունակական բարեփոխումներից, ելնելով, ավարտին կհասցվեն 2010-2011թթ-ին սկսված գործընթացները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը` հավելելով, որ ոլորտում կշարունակի թիրախային մնալ կրթության որակի, մատչելիության, սոցիալական բեռի թեթևացման խնդիրները, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարը: «Սրանք են այն ուղղությունները, որոնք չափազանց կարևոր են մեզ համար: Եւ տարեվերջին ակնկալվող արդյունքերը խիստ շոշափելի կլինեն»,- ասաց նախարարը:
Ա. Աշոտյանը տեղեկացրեց, որ այս տարի հանրապետության չորս մարզերում կբացվեն ևս 80 նախադպրոցական հաստատություններ` 1500 երեխաների համար:
Այս տարի կվերապատրաստվեն և կատեստավորվեն 8 հազար ուսուցիչներ. նրանցից 20-25 տոկոսը նաև կանցնեն որակավորման տարակարգի շնորհման գործընթաց: «Այս գործընթացը սկսվել է նախորդ տարի և նախատեսվում է, որ 5 տարվա ընթացքում պետք է վերապատրաստվեն և ատեստավորվեն հանրապետության բոլոր ուսուցիչները, իսկ որակավորման տարակարգ ստանալու դեպքում ուսուցիչները ստանան աշխատավարձի հավելում»,- նշեց Ա.Աշոտյանը:
Ինչ վերաբերում է հանրակրթական դպրոցների տնօրենների հավաստագրմանը, ապա, ըստ նախարարի, նախորդ տարի սկսված գործընթացը հաջողությամբ իրականացրել են: Այսպիսով, 2011թ-ին 800 դպրոցներում տնօրեններ արդեն ընտրվել են, իսկ այս տարի շուրջ 400 տնօրենների թեկնածուներ կհանձնեն հավաստագրման քննություն:
ԿԳ նախարարը տեղեկացրեց, որ այս տարի դպրոցներում կներդրվի նոր տեխնոլոգիաների կիրառման համակարգ: Նախատեսում են, որ ինտերնետ կապը հասանելի կլինի 1403 դպրոցումներում: «ՎիվաՍել ընկերության հետ ենք աշխատում, վերջինս համաձայնել է աջակցել, որ 107 ավագ դպրոցներում ինտերնետն հասանելի լինի նաև Wi- Fi-ի տեսքով»,- ասաց նախարարը:
Անդրադառնալով դասագրքերին, Ա.Աշոտյանը նշեց, որ նախատեսվում է 1-12-րդ դասարաններում կիրառվող բոլոր առարակների դասագրքերը հավաքել մեկ` նոր էլեկտրոնային շտեմարանի մեջ: «Կունենանք հանրակրթական ուսումնական հաստատությունների լիարժեք շտեմարան, ինչը տեխնոլոգիական զարգացման հետ միասին թույլ կտա աշակերտների համար լայն մասշտաբով կրթություն ապահովել»,- ասաց Ա. Աշոտյանը և նաև հավելեց, որ պետբյուջեով այս տարի տարրական դասարանների բոլոր աշակերտներին բոլոր դասագրքերը կտրվեն անվճար:
Ինչ վերաբերում է հանրակրթական դպրոցների տարրական դասարաններում շախմատի դասավանդմանը, ապա Ա.Աշոտյանը նշեց, որ շախմատը դպրոցում դառնում է Հայաստանի կրթական համակարգի միջազգային բրենդը: «Այս տարի մասնակցել եմ կրթության նախարարների համաշխարհային ֆորումին և բազմաթիվ նախարարներ տարբեր երկրներից հետաքրքվել են, թե ինչպես կարող են ծանոթանալ հայկական փորձին և շախմատի դասավանդումը ներդնեն նաև իրենց երկրներում»,- նշեց նա: Նախարարը հայտնեց, որ պետք է անել համապատասխան քայլեր՝ շախմատի ուսուցումը ոչ միայն ներպետական սահմաններում, այլև հարևան երկրերում տարածելու համար:
Նշվեց նաև, որ այս տարի առաջին անգամ հանրապետությունում նախատեսվում է անցկացնել հանրակրթական հաստատությունների վարկանիշավորում, ինչի համար ստեղծվելու է արժանանահավատ մեթոդաբանություն, որով չափելի կդառնա դպրոցների կրթության որակը: «Այս գործիքը մեզ համար շատ կարևոր է մրցակցության, թափանցիկության տեսակետից: Շատ հաճախ ծնողներին հուզում է այն հարցը, թե որ դպրոցն է լավը, երեխային որ դպրոցը տանեն: Նման ինֆորմացիան պահանջված է, օգտակար է և մեր հասարակության համար պիտանի: Այս տարի կմշակենք մեթոդաբանությունը, իսկ 2013-ին արդեն կունենանք այդ պատկերը»,- ընդգծեց Ա.Աշոտյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան