Դինքի փաստաբան. Թուրքական դատարանը մեզ ծաղրում է
«Ագօս» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի փաստաբան Ֆեթհիյե Չեթինը դատական նիստի ավարտից անմիջապես հետո հանդես է եկել հայտարարությամբ:
«Հիշու՞մ եք, թե Արատ Դինքը (Հրանտ Դինքի որդին) ինչ էր ասել: Նա ասել էր` մեզ ծաղրում են: Պարզվում է, որ ծաղրանքի ամենամեծ չափաբաժինը նրանք վերջաբանի համար էին պահել: Այսպիսի վճիռ չէինք սպասում»,- ըստ թուրքական «Հաբեր7» (Haber7) լրատվական կայքի` ասել է Չեթինը:
Նա նշել է, որ Թուրքիայում մարդասպան, հանցագործ, մարդու իրավունքները ոտնահարող քրեածին տարրերից ազատվել ցանկացողները պետք է ջանք ու եռանդ չխնայեին դրան հասնելու համար, բայց, ցավոք, չօգտագործեցին դա անելու ամենահարմար առիթը:
«Այս դատը դեռ չի վերջացել: Մեր դատը դեռ նոր է սկսվում: Մթության մեջ թաքնվել փորձող մեղադրյալները «ողջ մերկությամբ» բացահայտվեցին: Այս դատը կվերջանա այն ժամանակ, երբ մենք դրա մասին կհայտնենք»,-ասել է փաստաբանը:
Հիշեցնենք, որ Ստամբուլի առաջին ատյանի 14-րդ դատարանը երեկ կայացրած դատավճռով արդարացրեց Դինքի գործով գրեթե բոլոր մեղադրյալներին ու կասկածյալնեին: Միայն գործով անցնող գլխավոր մեղադրյալ Յասին Հայալը դատապարտվեց ցմահ բանտարկության։