Դինքի գործով դատավճիռը կայացավ, հանցագործներն ազատ արձակվեցին
Պոլսահայ ականավոր գործիչ, «Ագօս» թերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով 5 տարի տևած դատավարությունը հունվարի 17-ին ավարտվել է դատավճռի կայացմամբ: Ինչպես տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները դատարանը այդ գործով անցնող 18 կասկածյալների արդարացրել և ազատ է արձակել` զինված ահաբեկչական խմբավորման հետ կապ չունենալու, Դինքի սպանության ծրագրմանը չմասնակցելու և չաջակցելու հիմնավորմամբ:
Ստամբուլի ծանր հանցագործություններ քննող N14 դատարանի վճռով Դինքի սպանության գործով անցնող գլխավոր մեղադրյալ Յասին Հայալը դատապարտվել է ցմահ ազատազրկման, իսկ զինված ահաբեկչական խմբավորումը ղեկավարելու և սպանության գործը ծրագրելու մեջ մեղադրվող Էրհան Թունջելը արդարացվել է: 12 տարի 6 ամիս ազատազրկման են դատապարտվել կասկածյալներից Էրսին Յոլջուն և Ահմեթ Իսքենդերը, որոնք մասնակցություն են ունեցել Դինքի սպանության կազմակերպման գործում:
Իսկ սպանության անմիջական կատարող Օգյուն Սամասթը, որը հանցագործության ժամանակ 18 տարին չլրացած անչափահաս էր, քրեական պատասխանատվության էր ենթարկվել անչափահասների գործերը քննող դատարանում, որտեղ էլ 2011-ի հուլիսին դատապարվել էր 22 տարի և 10 ամիս ազատազրկման:
Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվել է 2007 թ. հունվարի 19-ին` Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ագoս» թերթի խմբագրատան առջև: