Ընտրություններին ընդառաջ նոր կուսակցություններ են գրանցվել
«Հանրապետություն», «Երրորդ հանրապետություն», «Չորրորդ հանրապետություն»: Սրանք պետական գրանցում ունեցող կուսակցություններ են: Ընդհանրապես արդարադատության նախարարության Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում գրանցված կուսակցությունները 77-ն են: Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ դրանց թիվն ավելացել է:
Նախորդ տարվա ընթացքում պետական այդ մարմնում գրանցվել է չորս կուսակցություն` Խաչատուր Քոքոբելյանի գլխավորած «Ազատ դեմոկրատներ»-ը, «Հնչակյան կուսակցությունը», «Շրջադարձը», «Չորրորդ հանրապետությունը»:
Պետական գրանցում ունեցող կուսակցությունների մի մասի գործունեությունը դադարեցված է, մի քանիսը լուծարվել են, մյուսներն էլ այդ գործընթացում են:
ԱՆ մամուլի քարտուղար Կարինե Քալանթարյանի տրամադրած տեղեկություններով, լուծարվել է Տիգրան Ուրիխանյանի ղեկավարած Առաջադիմական կուսակցությունը, 4 կուսակցության լուծարումը ընթացքի մեջ է, 3-ն էլ ենթակա են լուծարման:
Լուծարման գործընթացում են Հայաստանի երիտասարդական կուսակցությունը, որը հայտարարել է ԲՀԿ-ին միանալու մասին, «Միավորում հանուն Հայաստանի» կուսակցությունը, Աշոտ Բլեյանի հիմնադրած «Նոր ուղի» կուսակցությունը, ինչպես նաև «Լիբերալ դեմոկրատական» կուսակցությունը:
Անհրաժեշտ որոշ փաստաթղթերի չներկայացնելու համար լուծարման ենթակա են «Հայկանդուխտ», «Հայկական սոցիալիստական կոնգրես» և «Ազգային միաբանության ուխտ» կուսակցությունները:
Համապետական ընտրությունների նախաշեմին անհրաժեշտ են նաև ինտելեկտուալ ուժեր: Սակայն իրեն այդպիսին համարող ուժը` «Հայաստանի ինտելեկտուալների» կուսակցությունը, ըստ էլէկտրոնային ռեգիստրի, դադարեցրել է գործունեությունը: Պարզվեց, որ 2003-ին նա էլ 5 կուսակցությունների հետ մտել է «Նորացված կոմկուս»-ի կազմ:
Էլեկտրոնային ռեգիստրն օգնեց նաև իմանալու, թե բացի 2003-ին և 2008-ին նախագահի թեկնածու առաջադրված Արամ Հարությունյանից, ովքեր են ընդգրկված /եղել/ նրա ղեկավարած «Ազգային համաձայնություն» կուսակցությունում` Սարգսյան Վալերի, Մուրադյան Արմեն, Կարախանյան Մարտին, Նաջարյան Գայանե, Ջանինյան Յուրա:
Նշենք, որ «Կուսակցությունների մասին» օրենքով պետական գրանցման պահին կուսակցությունը պարտավոր է ունենալ ոչ պակաս, քան 200 անդամ: Պետական գրանցման պահին կուսակցությունը պարտավոր է ունենալ տարածքային ստորաբաժանումներ Հայաստանի Հանրապետության մարզերի առնվազն 1/3-ում, ներառյալ` Երևանում: Պետական գրանցման պահից ոչ ուշ, քան վեց ամիս հետո, կուսակցությունը պետք է ունենա ոչ պակաս, քան 2000 անդամ, ընդ որում, Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր մարզում ոչ պակաս, քան 100 անդամ, և տարածքային ստորաբաժանումներ Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում, ներառյալ` Երևան քաղաքում, որի մասին գրավոր տեղեկացնում է պետական լիազորված մարմնին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում