Ոստիկանապետը` Պրեսկոտին. Ոստիկանի նոր գործելակերպը կփոխի հասարակության վերաբերմունքը կառույցի հանդեպ
ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը երեկ ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող Ջոն Պրեսկոտին:
Անդրադառնալով եվրաինտեգրման գործընթացին` Վլադիմիր Գասպարյանը նշել է, որ բարեփոխումները ոստիկանությունում շարունակվում են: Նա, միևնույն ժամանակ ընդգծել է, որ հաջողությունը պայմանավորված է նախևառաջ ծառայողների ներքին բարեփոխմամբ` սկզբունքների, մտածողության, գործելակերպի փոփոխությամբ, որը զուգորդելով օրենսդրական դաշտի արդիականացմանը` հաջողությամբ կամփոփեենք բարեփոխումների փուլը:
Ոստիկանության հասարակայնության ու լրատվության վարչության հաղորդմամբ, Ջոն Պրեսկոտը գոհունակություն հայտնեց ակներև փոփոխությունների առթիվ և այդ առումով կարևորել է ոստիկանության հանդեպ հասարակության վստահության ամրապնդումը:
Վլադիմիր Գասպարյանը նշել է, որ ոստիկանի նոր կերպարն ու գործելակերպը կփոխեն հասարակության վերաբերմունքը կառույցի հանդեպ: Այսօր կադրային, կառուցվածքային, գործառնական ծավալուն վերափոխումներ են կատարվում ոստիկանությունում, որոնց արդյունքում արտաքին ծառայության ստորաբաժանումներն ավելի սերտ կաշխատեն համայնքների հետ, տեխնիկական վերազինման շնորհիվ ճանապարհային ոստիկանության ոլորտում էապես կնվազեն կոռուպցիոն ռիսկերը, կանխագելումը կդառնա մարտավարության գլխավոր բաղադրիչ: Ամեն ինչ կարվի, որ հասարակությունն ավելի պաշտպանված ու ապահով զգա իրեն` հավաստիացրել է ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը:
Հանդիպման մասնակիցները քննարկել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: