Աշոտյանը «Facebook»-ում էլ ասուլիս կտա
Կրթության, գիտության նախարար Արմեն Աշոտյանը «Facebook» սոցիալական ցանցի իր էջում հայտարարել է, որ այսօր, հունվարի 18-ին հանդես է գալու մամլո ասուլիսով, որի ընթացքում բարձրաձայնվելու են ոլորտում 2012-ին իրականացվելիք ծրագրերը: Այնուհետև, իր FB ընկերներին հորդորել է հարցերն ուղղել հենց այս էջում, իր գրառման տակ:
«Ըստ ձեզ, որո՞նք պետք է լինեն մեր նախարարության անելիքները գալիք տարի: Ամենահաճախ կրկնվող երեքական հարցերին և առաջարկներին խոստանում եմ անդրադառնալ վաղը: Եթե այս ձևաչափը ձեզ հետաքրքրեց, ապա կփորձենք այն դարձնել ավանդական: Իսկ մի օր էլ գուցե ՖԲ մամուլի ասուլիս տամ», -հավելել է նա:
Այս գրառման տակ հնչեցված հարցերը հիմնականում վերաբերում են հանրակրթական ոլորտին, դպրոցներում օտար լեզուների քանակը ավելացնելու մասին խնդրանք է հնչեցվել, հարցերի մյուս մասն էլ վերաբերել է գիտության ֆինանսավորման ավելացման մասին: Դպրոցականներից մեկն էլ մասնավորապես, գրել է. «Պարոն Աշոտյան, մեկ ուսումնական կիսամյակի ընթացքում մոտ 12 առարկա ենք անցնում, որից 9 քննական է. յուրաքանչյուր առարկա շաբաթական մեկ անգամ /80/ րոպե: Պարզ է, որ նման պարագայում մենք ֆիզիկապես չենք հասցնում ըստ պահանջի ուսումնասիրել: Ի՞նչ եք կարծում, արդյոք նման կրթական ծրագիրը արդյունավետ է: Խնդրում եմ բարձրացնել այդ հարցը: Արտասահմանյան համալսարաններում, ըստ Բոլոնյան գործընթացի, ուսանողները իրենք են ընտրում առարկաները ու դրանց թիվը չի գերազանցում 4-ը: Մի՞թե այդ գործընթացի մեջ լինելով, դա մեզ վրա չի տարածվում: Չեմ կարծում, որ մենք՝ հայերս, հանճարներ ենք, և նման ժամաքանակով և առարկաների քանակով, կհասնենք ամենաիմացության»:
Իսկ մեկ այլ ուսանող էլ կատակով նկատել է. «Պարոն Աշոտյան, ինձ կրթության և գիտության ոլորտում վաղվա օտար լեզվի քննությունն է հետաքրքրում. Կասե՞ք լավ ա՞ լինելու»:
Աշոտյանի ֆեյսբուքյան պատին այնքան շատ են ուղղվել հարցերը, որ քննարկման ընթացքում կրթության, գիտության նախարարը հայտարարել է, որ պատրաստ է սոցիալական ցանցում ասուլիս տալ: «Շնորհակալ եմ առաջարկս ընդունելու համար: Արդեն կարող եմ ասել, որ ՖԲ առանձին ասուլիսը ՀԱՍՏԱՏ ԿԿԱԶՄԱԿԵՐՊՎԻ, մոտ ապագայում», գրել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին