Աքորի գյուղի ոդիսականը, կամ ինչպես լոռեցիները ընտրեցին դպրոցի տնօրեն
Լոռու մարզի Աքորի գյուղի դպրոցում դասերը վերսկսվել են երեկ` դեկտեմբերի 21-ից այստեղ ուսումնական գործընթացը ընդմիջվել էր նախ ձմեռային արձակուրդներով, դրանից հետո էլ` ծագած խնդիրներով:
«Դպրոցի տնօրենը 2011թ-ի հունվարին 65-ամյակը լրանալուց հետո լքել է պաշտոնը, որից հետո այն զբաղեցրել է պաշտոնակատարը: Ըստ կանոնադրության` պաշտոնակատար նշանակվելուց հետո դպրոցի խորհուրդը երեք ամսվա ընթացքում պետք է դպրոցի տնօրենի մրցույթ հայտարարեր, բայց դա չի արվել»,-Panorama.am-ի հետ զրույցում Աքորի գյուղի ոդիսականը ներկայացնելով` տեղեկացրեց «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:
Ըստ պատգամավորի` կոռուպցիան մեզանում արմատավորվել է որպես գումար տալ-ստանալու երևույթ, բայց իրականում դա ավելի լայն հասկացություն է և դիրքի չարաշահումն էլ հանգիստ տեղավորվում է դրա մեջ: Գյուղի բնակիչների բողոքները ստանալուն պես նա իրավիճակի պարզաբանման նպատակով դիմել է Կրթության և գիտության նախարարությանը, որտեղից էլ հավաստիացրել են, որ կրթության տեսչությունը կստուգի ու պարզաբանումներ կներկայացնի, թե ինչ է իրականում տեղի ունեցել:
Մինչ այդ էլ ներկայացրեց բողոքի առանցքում առկա խնդիրը.
«Ես ենթադրում եմ, որ գյուղապետը, ով նաև դպրոցի կառավարման խորհրդի նախագահն է, իսկ կինը` խորհրդի ծնողական խորհրդի օրենքի խախտումներով ընտրված անդամ, հույս ուներ, որ պաշտոնակատարը հավաստագիր կստանա ու միայն դրանից հետո կհայտարարվեր մրցույթ, որին էլ նա կդիմեր, բայց նա հավաստագիր չի ստացել, քանի որ կտրվել է քննությունից: Փոխարենը գյուղից մի երիտասարդ է հավաստագիր ստացել ու հունիսին դիմել դպրոցի խորհրդին, թե ինչո՞ւ մրցույթ չի հայտարարվում թափուր պաշտոնի համար: Գյուղխորհրդի նախագահը, որը նաև գյուղի դպրոցի կառավարման խորհրդի նախագահն է, պատասխանել է, թե վերևներից ցուցումների է սպասում: Բայց նման ցուցումների կարիք չկա, ցուցում ասվածը իր պարագայում միայն կարգն է, որով էլ պետք է առաջնորդվի, բայց ինչպես տեսնում ենք ` դա էական չի եղել հիշյալ անձի համար, քանի որ միայն դեկտեմբերին է հայտարարվել այդ երկար սպասված ու օրենքով նախատեսված մրցույթը»,- պատմեց պատգամավորը:
Դեկտեմբերի 20-ին հայտարարված մրցույթին մասնակցել է երկու թեկնածու` հիշատակված երիտասարդը ու նաև մեկը Ալավերդուց: Վերջինս մրցույթում ստացել է խորհրդի անդամների ձայների մեծամասնությունը: Խնդրին անգամ մարզպետ Արթուր Նալբանդյանն է խառնվել:
Ինչո՞ւմ է խնդիրը. Ըստ գյուղացիների, տնօրենի ընտրությունը մի շարք խախտումներով է եղել, որոնք հետևյալն են.
«Կարգը նախատեսում է, որ տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարությունը պետք է տեղադրված լինի նաև ԿԳՆ կայքէջում, սակայն այն բացակայում է և միայն «Լոռի» թերթում է եղել համապատասխան տեղեկատվություն: Երկրորդ` կառավարման խորհրդի կազմում, մասնավորապես ծնողական խորհրդում, ներկայացուցիչը (գյուղապետի կինը), օրենքի խախտմամբ է ընտրվել, քանի որ ըստ կարգի նա, չլինելով իր երեխայի դասարանում ծնողական խորհրդի նախագահ, իրավունք չուներ լինել կառավարման խորհրդի անդամ: Եվ վերջապես` քվեարկությունից հետո խառնաշփոթ է առաջացել ձայների բախշման առումով, քանի որ որոշ մարդիկ հայտնաբերել են, որ իրենք ձայնը տվել են մեկին, ընտրվել է մյուսը»,- պատմեց մեր զրուցակիցն ու տեղեկացրեց, որ այս ամենի կապակցությամբ դիմել է ԿԳ նախարարություն ու ներկայացրել իր ձեռքի տակ ունեցած փաստերը:
Ցավոք, նշեց նա, կրթության տեսչությունը եղել է գյուղում, բայց չի լուծել խնդիրը, քանի որ, հավանաբար, միայն քվեաթերթիկներն ու արձանագրությունն է ուսումնասիրել, բայց չի քննել, օրինակ, խորհրդի ընտրության օրինականությունը ու ըստ այդմ նաև` խորհրդի իրավազոր լինելու հանգամանքը:
Անահիտ Բախշյանը այս հանգամանքը շեշտում է զուտ այն պատճառով, որ դեկտեմբերի 9-ին Գավառի հատուկ դպրոցի տնօրենի ընտրությունից հետո (որի մասին գրել է նաև Panorama.am-ը` ԿԳՆ կայքում հայտնաբերելով մրցույթի մասին համապատասխան տեղեկատվություն, մինչդեռ հատուկ դպրոցում մեզ դիմավորել էր մի տիկին` ներկայանալով որպես տնօրեն) նախարարությանն ուղղված նամակում պատգամավորը հետաքրքրվել է, թե ինչպե՞ս է ընտրվել խորհուրդը ու ստացել նախարար Արմեն Աշոտյանի սպառիչ պատասխանը, որում նշված է եղել, որ այդ դպրոցի խորհուրդը իրավազոր չի եղել, որովհետև ընտրության օրը խորհրդի անդամներից ընդամենը հինգն են ներկա եղել, ըստ այդմ էլ ընտրությունը ճանաչվել է չեղյալ.
«Նույն խնդիրը, փաստորեն, Աքորիում է ու նախադեպ էլ ունենք, որ Աքորիում էլ տնօրենի ընտրությունը չեղյալ հայտարարվի»,-շեշտեց «Ժառանգության» ներկայացուցիչը` ավելացնելով, որ այս խնդիրը, փաստորեն, դարձել է շատ սկզբունքային, քանի որ, թե նախադեպի առկայությամբ, թե դրա բացակայության դեպքում դպրոցի խորհուրդը իրավազոր չէ ընտրություն անցկացնելու:
Նյութն արդեն պատրաստ էր, երբ տիկին Բախշյանը զանգահարեց ու տեղեկացրեց .
«ԿԳ նախարարությունից ստացել եմ պատասխան, որտեղ գրված է, որ խորհրդի որոշմամբ են երեք անդամները ստորագրել քվեաթերթիկները , այնինչ դպրոցի կառավարման խորհրդի մատյանի 20.12.2011թ. արձանագրության մեջ կարդացել եմ, որ խորհրդի երեք անդամների է հանձնարարվել ստորագրել քվեաթերթիկների ետևի երեսին: Սա օրենքով սահմանված կարգի խախտում է:
Երկրորդ խախտումը` պատասխանում գրված է, որ դպրոցի տնօրենի մրցույթը հայտարարվել է միայն տեղական «Լոռի» թերթում, այնինչ կարգով այն պետք է հայտարարվեր նաև ԿԳՆ կայքէջում: Այսպիսով, գյուղի հասարակությունը ընդվզում է տնօրենի մրցույթի ժամկետը սրան-նրան հարմարեցնելու, խորհրդի կազմի ոչ իրավազոր լինելու և տնօրենի ընտրության ժամանակ տեղի ունեցած խախտումների դեմ»:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին