Սուրբ Նշան եկեղեցում կիրականացվեն ամրակայման աշխատանքեր, իսկ հետագայում՝ վերականգնման
«Ինչպես Հովհաննես Թումանյան թբիլիսյան տան, այնպես էլ Թբիլիսիի հայկական Սուրբ Նշան եկեղեցում ծագած հրդեհի վերաբերյալ ստանում ենք իրարամեժ տեղեկություններ: Այս դեպքում նույնպես Հայաստանից պատվիրակություն է գործուղվել Վրաստան՝ ուսումնասիրելու, թե իրականում որն է եղել հրդեհի պատճառը»:
Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Ըստ նախարարի՝ որոշ լուրեր էին տարածվել, թե Սուրբ Նշան եկեղեցին հատուկ հրկիզել են, սակայն Հայաստանի Մշակույթի նախարարության պատվիրակությունը համապատասխան մասնագետների հետ պարզել է, որ հատուկ հրկիզում չի եղել: «Այսինքն` շատ հեշտությամբ, երկու բառի խաղով, կարելի է երկու երկրների, ժողովուրդների միջև խնդիրներ ստեղծել: Եթե հրկիզում լիներ, այլ բան է, բայց հունվարի 1-ին հրավառության արդյունքում 10 օր կամաց սկսել է ծխալ ներսում, ինչը այլ իրավիճակ է: Շեշտադրումները պետք է զգույշ դնենք, քանի որ 2 հարևան երկրների բարեկամության հետ ենք խաղում: Դա է պատճառը, որ ցանկացած պարագայում գործուղում ենք մարդկանց, որպեսզի մեր սեփական աչքերով տեսնենք և գնահատական տանք»,- ընդգծեց նախարարը:
Հ.Պողոսյանը հայտնեց, որ վրացական կողմը բյուջեից գումարներ է նախատեսել եկեղեցու ամրակայման համար, քանի որ այն իսկապես վտանգված է, գտնվում է 3 սյուների վրա: Ըստ նրա՝ ամրակայման նախագծերի վրա երկու կողմն էլ աշխատում են: Նշվեց նաև, որ վրացական կողմը խոստացել է հետագայում վերականգման աշխատանքներ իրականացնել: «Այս պահին հրատապ է, որ ամրակայման աշխատանքեր իրականացվեն, որպեսզի որևէ փլուզումից խուսափենք»,- ասաց մշակույթի նախարարը:
Միաժամանակ Հ. Պողոսյանը նշեց, որ երբ հուշարձանային թեմաները՝ Վրաստանի հետ կապված, մի քիչ ավելի հասունանան, ինքը մեկնելու է Վրաստան, որպեսզի մշակույթի նախարարի հետ բոլոր հարցերի վերաբերյալ վերջնական որոշումներ կայացնեն:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան