Թուրքիայի վերաբերյալ Սաակաշվիլիի հայտարարությունները հեռու են իրականությունից. փորձագետներ
«Թուրքիային ուղղված Վրաստանի նախագահի գովասանական խոսքերը չափազանցված են և հեռու են իրականությունից»,- այդ մասին Panorama.am-ին տված հարցազրույցում նշել է Վրաստանի հարցերով փորձագետ Ալիկ Էրոյանցը:
Նշենք, որ այս տարվա հունվարի 13-ին Քենիայից Ստամբուլ ժամանող սոմալեցի ծովահենների գերությունից ազատված վրացի և թուրք նավաստիներին դիմավորելու նպատակով Թուրքիա այցելած Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Թուրքիայի վարչապետի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում մասնավորապես հայտարարել էր. «Եթե չլիներ Թուրքիայի վարած իմաստուն քաղաքականությունը և խաղաղարարի դիրքորոշումը` կապված անցյալ տարի արաբական աշխարհում ծավալված և Իրանի շուրջ զարգացող իրադարձությունների, ինչպես նաև ԵՄ-ի, և անմիջական հարևանների հետ առկա հարաբերություններում, ապա գործընթացները տարածաշրջանում կարող էին ավելի բարդ սցենարով զարգանալ»:
Փորձագետի կարծիքով` Թուրքիայի արտաքին քաղաքականությունն ամենևին չի նպաստում տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը, ինչի մասին, մասնավորապես, վկայում են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող գործընթացները, ինչպես նաև այդ երկրի հարևան պետությունների դիրքորոշումն Անկարայի վարած քաղաքականության նկատմամբ:
«Ավելին, միանշանակ դրական չի կարելի որակել նաև վրաց-թուրքական հարաբերությունները` ելնելով մի շարք հանգամանքներից: Վերջին շրջանում թուրքական ընկերությունների ակտիվությունը վրացական շուկայում, և մասնավորապես էներգետիկայի բնագավառում նրանց կողմից ցուցաբերվող հետաքրքրությունները դժգոհությունների պատճառ են դարձել վրաց հասարակության շրջանում: Երկու երկրների միջև խնդիրներ կան նաև մշակութային ոլորտում:
Խոսքը վերաբերում է Թուրքիայի տարածքում առկա քաղկեդոնական մշակութային կոթողների անմխիթար վիճակին: Վրացական իշխանությունները բազմիցս այդ հարցով դիմել են Թուրքիայի ղեկավարությանը, սակայն մինչ օրս խնդիրը լուծում չի ստացել և գնալով ավելի է սրվում: Բացի այդ, Թուրքիայի խորհրդարանի կողմից ընդունված նոր օրինագիծն, ըստ էության, լուրջ հարված կարող է հասցնել վրաց-թուրքական հարաբերություններին, ինչը ևս կասկածի տակ է դնում Վրաստանի նախագահի հայտարարությունը դրանց` «իդեալական» լինելու վերաբերյալ»,- ասաց փորձագետը:
Ա. Էրոյանցը նշեց, որ ի նկատի ունի Թուրքական խորհրդարանի կողմից վերջերս վավերացված այն օրինագիծը, որն ուժի մեջ է մտնելու ս.թ. փետրվարի 1-ից: Այդ փաստաթղթի համաձայն` այսուհետ Վրաստանի քաղաքացիներն իրավունք կունենան Թուրքիայի տարածքում գտնվել ոչ ավել, քան երեք ամիս և կկարողանան նորից մուտք գործել Թուրքիա այդ երկրի տարածքը լքելուց միայն երեք ամիս անց:
Նույն թեմայի առնչությամբ արևելագետ Արմեն Պետրոսյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց.
«Թուրքիայի արտաքին քաղաքականության հաջողությունների և խաղաղարար գործունեության արդյունավետության վերաբերյալ հայտարարություններն ընդամենը վերամբարձ խոսքեր են կամ իրականությունից հեռու հաճոյախոսություններ: Գրեթե բոլոր հարևանների հետ խնդիրներ ունեցող այդ երկրի արտաքին քաղաքականության ճշգրիտ բնորոշումն օրեր առաջ տվել է հենց Թուրքիայի հարավ-արևելյան հարևանի` Իրաքի վարչապետ Նուրի Ալ-Մալիքին` նշելով, թե «Թուրքիան մի դեր է ստանձնել, որը տարածաշրջանի համար փորձանք և ներքին պատերազմ է բերելու: Սակայն արդյունքում տուժելու է հենց Թուրքիան, քանի որ այնտեղ մի շարք էթնիկ խմբեր են ապրում»:
Ըստ բանախոսի՝ այս համատեքստում, վերջին ժամանակահատվածում ծայրաստիճան սրվել են հարաբերությունները Դամասկոսի հետ. Անկարան անընդհատ փորձում է միջամտել Սիրիայի ներքին գործերին` քաղաքական և ռազմական առումով հովանավորելով սիրիական վարչակարգի արմատական ընդդիմությանը:
«Վերոնշյալը, ինչպես նաև Թուրքիայում ՆԱՏՕ-ի ՀՀՊ-ի համակարգերի շահագործման հանձնելու իրողությունը պատճառ են դարձել նաև Իրանի հետ հարաբերություններում լարվածության աճին. վերջին շրջանում բավականին սրվել է Իսլամական Հանրապետության ռազմական վերնախավի հռետորաբանությունը Թուրքիայի նկատմամբ: Որևէ առաջընթաց չկա նաև Հայաստանի, Հունաստանի, ինչպես նաև երբեմնի դաշնակից Իսրայելի հետ հարաբերություններում: Ավելին, տարածաշրջանի առաջնորդի դերին չի կարող հավակնել մի պետություն, որը ենթարկվում է դաշնակից-բարեկամ պետության (Ադրբեջան) շանտաժին: Եվ վերջապես Թուրքիայի տարածաշրջանային քաղաքական ուղեգիծը և նրա հետևանքները լայն քննադատության են արժանանում հենց այդ երկրի հասարակական, քաղաքական և մշակութային տարբեր շրջանակների կողմից:
Ամփոփելով, կարելի է ասել, որ վերջին տարիներին միայն տնտեսական և ռազմական ասպարեզներում արձանագրած ձեռքբերումները, որոնք հակադարձ համեմատական են արտաքին քաղաքականության բնագավառին, չեն կարող ապահովել թուրքական իշխանությունների` տարածաշրջանային լիդերությանը միտված նկրտումները. դա ընդամենը պատրանք է քաղաքական ռոմանտիզմի և բաղձալի երազանք` քաղաքական ռեալիզմի տեսանկյունից»,- եզրափակեց Ա. Պետրոսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում