«Եվրատեսիլ-2012». «Հենց պետք է գնանք Բաքու»… «Կատարողը պետք է մի քիչ էլ դիվանագետ, խելացի լինի»
Հայտնի է, որ Հայաստանը «Եվրատեսիլ-2012» երգի միջազգային մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել: Մասնակից 43 երկրների շարքում, իհարկե, «Հայաստանի» անուն սովորական կարող էր դիտվել, սակայն ոչ այս պարագայում: «Եվրատեսիլ-2012»-ն անցկացվելու է Բաքվում:
«Եթե իմ տղան երգիչ լիներ ու առաջարկություն ստանար, որ ներկայացներ Հայաստանը, չէի թողնի, ամեն գնով կարգելեի նրան: Բոլորս էլ գիտենք, թե ովքեր են ադրբեջանցիները: Նրանք երբեք իրենց խոսքի տերը չեն լինում: Եթե ասեն կապահովվեն անվտանգությունը, մեկ ա, էլի պետք չէ հավատալ»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց երևանցի 55-ամյա Ալլան:
Միաժամանակ նա նշեց, որ կարդացել է, որ մի քանի երկիր հրաժարվել են մասնակցել մրցույթին, Հայաստանն էլ կարող էր մերժել:
«Մենք հայ ենք ու չենք վախենում: Հենց պետք է գնանք ու դրանց (ադրբեջանցիներ) ապացուցենք, որ չնայած իրենց բոլոր ստորություններին, մենք իրենցից չենք վախենում: Իսկ ով չի վախենում ու առաջ է գնում, հաջողության է հասնում: Ով էլ ներկայացնի Հայաստանը, ես հաջողություն եմ նրան մաղթում: Միայն մի խնդրանք ունեմ` թող ներկայացնեն միայն հայկականը, հայեցին»,- ասաց 62-ամյա Գ. Խաչատրյանը:
Մեր հարցման արդյունքում պարզվեց, որ երևանցիների կարծիքները տարբեր են, բայց գերիշխողը` «լավ է, որ մասնակցում ենք»: Նրանցից շատերը չկարողացան նշել որևէ մի հայ կատարողի անուն, ում կցանկանան տեսնել եվրատեսիլյան բեմում: «Շատ ունենք «աստղեր», բայց նրանցից ոչ ոք չի կարող իրեն այնտեղ դրսևորել այնպես, ինչպես-որ պետք է: Այդ կատարողը պետք է մի քիչ էլ դիվանագետ, խելացի լինի, որպեսզի կարողանա ադրբեջանական կեղտոտ հողում ներկայացնելով Հայաստանը` պատվով դուրս գա: Մեր կատարողները, չհաշված մի քանիսին, չունեն այդ գիտելիքները»,- ասաց 45-ամյա Սրբուհի Մանուկյանը:
«Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը չպատասխանեց Panorama.am-ի հարցին, թե Հայաստանը ստացե՞լ է «այդքան սպասված» Եվրոպական հեռարձակողների կողմից տրվելիք անվտանգության երաշխիքները: Վերջիններս պետք է ստանային ադրբեջանական կողմից: Նա ասաց, որ այս և մրցույթի հետ կապված այլ հարցերին կպատասխանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը: