Մարկոս Պիզելի. «Երազում եմ Հայաստանի հավաքականի կազմում խաղալ Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությունում»
Կրասնոդարի «Կուբանի» նորեկ Մարկոս Պիզելին sportbox.ru-ի թղթակցին տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես է Բրազիլիայի 3-րդ դիվիզիոնից հայտնվել Եվրոպայում, խոսել է գլխավոր մարզիչ Դան Պետրեսկուի աշխատանքային մեթոդների և իր ֆուտբոլային երազանքի մասին:
- Վեց տարի առաջ Դուք խաղում էիք Բրազիլիայի 3-րդ դիվիզիոնում, իսկ վերջին կես տարում հավակնում էիք Եվրոպայի առաջնությունում հանդես գալու ուղեգրի և տեղափոխվեցիք ռուսաստանյան Պրեմիեր լիգա: Հրաշքներ լինո՞ւմ են:
- Իրոք, լինում են: Ես դա, հրաշքից բացի, այլ կերպ չեմ անվանում: Խաղալով համեստ «Սան Կառլոսում»` նույնիսկ երազել չէի կարող, որ երբևէ կտեղափոխվեմ Եվրոպա և հանդես կգամ միջազգային մակարդակով:
- Կարո՞ղ եք բացատրել կատարվածը:
- Իմ գլխավոր սկզբունքն է` երբեք չհանձնվել: Միշտ հետևել եմ այդ սկզբունքին: Հավատում էի, որ կկարողանամ հաջողության հասնել, որ ինձ կնկատեն: Աստծո և իմ ուժերի հանդեպ հավատով աշխատում էի և հասա նպատակիս:
- Նույնիսկ սարսափելի է մտածել, թե որքան տաղանդավոր ֆուտբոլիստներ կան Բրազիլիայում, որոնց մասին ոչ ոք ոչինչ չգիտի:
- Ֆուտբոլում, ինչպես նաև, ի դեպ, կյանքի այլ ոլորտներում, հաճախ որոշիչ նշանակություն ունի հնարավորությունը: Եթե այն տրվել է, ոչ մի դեպքում չի կարելի կորցնել այն: Բախտն ինձ ժպտաց. ես ստացա այդ հնարավորությունն ու ամեն ինչ արեցի` նրանից օգտվելու համար:
- Ասում են` երբ Բրազիլիայից տեղափոխվեցիք Հայաստան, ցանկանում էիք անմիջապես վերադառնալ, որովհետև ցուրտ էր, մութ և ոչ սովորական:
- Դա ճիշտ է: Սարսափելի էր գիտակցել, որ ոչ սովորական մթնոլորտում ես: Թարգմանիչ չունեի, ոչ ոք ինձ չէր հասկանում, ես էլ ուրիշներին չէի հասկանում: Բարեբախտաբար, հաղթահարեցի հարմարվելու ամենադժվար շրջանը, և Հայաստանում կյանքի հետագա փուլի մասին միայն ուրախությամբ եմ հիշում: Երախտապարտ եմ այդ երկրին ու նրա մարդկանց այն ամենի համար, ինչ ունեմ:
- Իրոք, քիչ ժամանակ է անցել, բայց Դուք Հայաստանում գրեթե ազգային հերոս եք դարձել` ազատ խոսելով հայերենով և դառնալով այդ երկրի ազգային հավաքականի առաջատար խաղացողներից մեկը:
- Ինձ համար նոր երկրում գտնվելու առաջին իսկ օրից աշխատել եմ ողջ ուժով և հավատացել, որ անպայման հաջողության կհասնեմ, եթե շարունակեմ նույն կերպ աշխատել: Դուք չեք պատկերացնի, թե ինչպիսի ուժեղ զգացումներ ապրեցի, երբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն ինձ առաջարկեց հանդես գալ հավաքականի կազմում: Մինչև հիմա հիշում եմ այդ պահը:
- Դուք ասել եք, որ 99 տոկոսով Ձեզ հայ եք զգում և միայն 1 տոկոսով` բրազիլացի…
- Եվ դա մաքուր ճշմարտություն է: Ես հայտնվել եմ Ռուսաստանի առաջնությունում, որն ուժեղագույններից մեկն է Եվրոպայում, խաղացել եմ միջազգային մակարդակով, իմ մասին սկսել են խոսել: Այդ ամենին հասել եմ Հայաստանի ու նրա մարդկանց շնորհիվ, ովքեր միշտ աջակցել են ինձ և իրենց սիրով օգնել` գրոհելու նոր բարձունքներ: Բայց իմ առաջին հայրենիքն էլ չեմ մոռանում: Բրազիլիայում են ապրում իմ ծնողները, հարազատներն ու ընկերները, և առաջին իսկ հնարավորության դեպքում ես անպայման այցելում եմ նրանց:
- Նրանց համար արդեն արբանյակային ալեքավա՞ք եք տեղադրել, որպեսզի հետևեն Ռուսաստանի առաջնության խաղերին:
- Բրազիլիայում առանց դրա էլ կարող են դիտել ՌԴ Պրեմիեր լիգայի հանդիպումները: Ամեն շաբաթ գլխավոր խաղերը ցուցադրվում են մարզական ալիքներով և մեծ լսարան են հավաքում:
- Ռուսաստանի հավաքականի դարպասը Ձեր խփած գոլը կարելի է՞ համարել ամենակարևորը Ձեր կարիերայում, իսկ Դիկ Ադվոկատի թիմին` ամենալուրջ մրցակիցը:
- Այ, եթե այդ խաղում հաղթեինք, այո, ամենակարևորը կլիներ: Իսկ այսպես… Ես կուզեի գոլ չխփել մինչև իմ կարիերայի ավարտը, միայն թե այն թիմը, որի կազմում հանդես եմ գալիս, միշտ հաղթի: Իսկ ամենահիշարժան գոլը խփել եմ Մոլդովայի ընտրանու դարպասը: Պարզապես այն բանի համար է դա լավագույնը, որ իմ առաջին գոլն էր միջազգային մակարդակով առաջին իսկ խաղում:
- Կհամարձակվե՞ք կանխատեսել, թե Ռուսաստանի հավաքականն ինչպիսի ելույթներ կունենա առաջիկա ամռանը կայանալիք Եվրոպայի առաջնությունում:
- Իհարկե, Ռուսաստանի հավաքականին բախտը ժպտացել է` խմբային փուլում տալով ոչ այնքան ուժեղ մրցակիցներ, բայց նման լուրջ մրցաշարերում հաջողության մասին չի կարելի մտածել: Ինչպիսին էլ լինեն մրցակիցներդ, եթե չտրամադրվես անհրաժեշտ կերպով, կպատժվես: Կարծում եմ` Ռուսաստանի ընտրանու` խմբից դուրս գալու հնարավորությունները շատ մեծ են, իսկ հետո… Գերմանիայի ու Հոլանդիայի հավաքականները չափազանց ուժեղ են:
- Ինչո՞վ էիք ղեկավարվում, երբ, ընդամենը կես տարի խաղալով Ուկրաինայում, որոշեցիք տեղափոխվել Ռուսաստան և պայմանագիր ստորագրել «Կուբանի» հետ:
- Ուկրաինական առաջնությունն ուժեղ է հայկականից, և ես չէի կարող չօգտվել ավելի ուժեղ մրցաշարում հանդես գալու հնարավորությունից: Իսկ երբ առաջարկ ստացվեց ռուսաստանյան լավագույն ակումբներից մեկից, կրկին չկարողացա մերժել: Չէ՞ որ նախկինում երբեք այսպիսի բարձր մակարդակով չեմ խաղացել:
- Վերջին ժամանակներս հետևե՞լ եք Ռուսաստանի առաջնության խաղերին:
- Այո, բավական ուշադիր: Ոչ քիչ թվով հանդիպումներ եմ դիտել ԲԿՄԱ-ի, «Լոկոմոտիվի», «Կուբանի» և «Կրասնոդարի» մասնակցությամբ: Վերջինիս խաղերն սկսեցի նայել այն բանից հետո, երբ այդ թիմի կազմում սկսեց խաղալ իմ ընկեր Յուրա Մովսիսյանը:
- Ըստ Ձեզ` ո՞վ է Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստը:
- Վելլիտոնը: Կարծում եմ` նա մեծ ապագա ունի և համաշխարհային մակարդակի հարձակվող կդառնա:
- Կա՞ն ֆուտբոլիստներ, որոնց խաղին ավելի լրջորեն եք հետևում և փորձում եք ընդօրինակել նրանց լավագույն որակները:
- Ինձ համար միշտ նման ֆուտբոլիստի կարգավիճակում Զիդանն է եղել: Առանց հիացմունքի անհնար էր հետևել նրա խաղին: Իսկ եթե խոսենք ներկայիս խաղացողների մասին, իհարկե, հետևում եմ Ինյեստայի ու Խավիի խաղին:
- Լեգենդար Դան Պետրեսկուի ղեկավարությամբ մարզվելը պետք է որ կրկնակի հաճելի լինի: Արդեն հասցրե՞լ եք նկատել ռումինացի մասնագետին բնորոշ յուրահատկությունները:
- Նա միշտ թիմի հետ է, և դա շատ է գրավում: Բոլորն էլ գիտեն, որ նա անցյալում մեծագույն խաղացող է եղել և երբեմն անձամբ է ցուցադրում, թե ինչ է ցանկանում տեսնել մեր կատարմամբ: Շփվում է բոլորիս հետ և մանրամասն բացատրում, թե ինչին է անհրաժեշտ ուշադրություն դարձնել:
- Շատ ֆուտբոլիստներ սիրում են իրենց առջև խնդիրներ դնել և լուծել դրանք: Ի՞նչ խնդիր եք դուք դնում Ձեր առջև: Ասենք` Ռուսաստանի առաջնության մնացած 12 խաղում քանի՞ գոլը և գոլային փոխանցումը հաջողություն կհամարեիք:
- Ես պարզապես ցանկանում եմ, որ «Կուբանը» շարունակի վերընթաց ապրել: Եվ եթե կարողանամ օգնել իմ թիմին, շատ երջանիկ մարդ կլինեմ:
- Եվրագավաթների մասին մտածո՞ւմ եք:
- Իհարկե: Մրցաշարային աղյուսակում թիմերն այնպիսի խտությամբ են դասավորված, որ մի քանի հաղթանակները միանգամից թիմին առաջ կշարժեն մի քանի տեղով:
- Իսկ եթե խոսենք ապագայի հեռանկարների մասին, ինչի՞ կցանկանայիք հասնել մինչև կարիերան ավարտելը:
- Հայաստանի հավաքականի կազմում խաղալ Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությունում: Մի՞թե կարելի է այլ բանի մասին երազել: