Իրանագետ. Իրանի Մեջլիսի նախագահի խոսքերը վերաձևակերպվել են
«Ա. Լարիջանիի հայտարարության հետ կապված որոշ թյուրըմբռնում կա, որը, թերևս, կարելի է թուրքական լրատվամիջոցների հերթական խեղաթյուրման արդյունք համարել»,- այս մասին «Panorama.am»-ին տված հարցազրույցում նշեց իրանագետ Ռուդիկ Յարալյանը:
Մեկնաբանելով Իրանի Մեջլիսի նախագահ Ա. Լարիջանիի՝ հունվարի 12-ին թուրքական «Անատոլիա» գործակալությանը տված հարցազրույցը, որտեղ իրանցի պաշտոնյան, խոսելով իր՝ Թուրքիա կատարելիք այցի նպատակների մասին, անդրադարձել է նաև ԼՂՀ հիմնահարցին, իրանագետը նշեց, որ Լարիջանին իրականում հայտարարել է, թե «Իրանն ու Ադրբեջանը շատ ընդհանրություններ ունեն, սակայն ԼՂ հիմնահարցում առկա են տարբեր գործոններ: Դա միջազգային հիմնահարց է, որը պետք է լուծվի ներկայում ընթացող բանակցությունների միջոցով»:
Ըստ Ռ. Յարալյանի՝ ԻԻՀ Մեջլիսի նախագահ Ա. Լարիջանին սրանով մեկ անգամ ևս հաստատեց, 2011թ. դեկտեմբերի 23-ին ՀՀ և ԻԻՀ նախագահների համատեղ հայտարարության մեջ ԼՂՀ հիմնահարցի վերաբերյալ առկա հիմնադրույթները, որոնք արձանագրում են «ԼՂՀ հիմնահարցը խաղաղ ճանապարհով և միջազգային իրավունքի նորմերի և հիմնարար սկզբունքների շրջանակներում հանգուցալուծելու անհրաժեշտությունը»:
Մեկնաբանելով Ա. Լարիջանիի հայտարարության այն հատվածը, թե «ԼՂՀ հիմնահարցում Իրանի և Թուրքիայի դիրքորոշումները մինչև որոշակի կետ շատ մոտ են», իրանագետը պարզաբանում է, որ Իրանի Մեջլիսի նախագահի խոսքերը վերաձևակերպվել են թուրքական ԶԼՄ-ների կողմից:
Իրականում, ըստ իրանական ԶԼՄ-ների տեղեկատվության, Ա. Լարիջանին պարզապես ցանկություն է արտահայտել, որ ԼՂՀ հիմնահարցի կարգավորման գործընթացում Անկարայի դիրքորոշումը հնարավորինս համընկնի իրանականի հետ և միաժամանակ վերահաստատել է իր երկրի պատրաստակամությունը՝ միջնորդի դեր ստանձնելու վերոհիշյալ հիմնախնդրի կարգավորման գործընթացում:
Հիշեցնենք, որ թուրքական լրատվամիոցները Ա. Լարիջանիի խոսքերը փոխանցել էին, թե `« ԼՂ հիմնահարցը տարածաշրջանային երկրների խնդիրն է և այդ խնդիրը պետք է լուծվի հենց այդ երկրների ջանքերով»: