«Ի՞նչ ա ասում էդ տղան». Ովքե՞ր են Սիրունյանի հետ մտադիր Եվրադատարանից հետ վերցնել դիմումները
«Մարդկանց կենսագրությունը ուսումնասիրեք, նոր զանգահարեք: Խի՞ եք ինձ վիրավորական հարցեր տալիս: Իմ վրա դեռ 2007-ից քրեական գործ կա չփակված, ո՞նց կարող է ես իմ դիմումից հրաժարվեմ»,-այսպես վիրավորված ու բարկացած արձագանքեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցությանն անդամակցող, նախկին ԱԳ նախարար Ալիկ Արզումանյանը Panorama.am-ի հարցին, թե ինքը պատրաստվո՞ւմ է հետ վերցնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) ուղարկած իր բողոքները:
Հիշեցնենք, որ «7-ի գործով» անցած, ազատազրկված, ապա 2009-ին համաներմամբ ազատ արձակված Սուրեն Սիրունյանը Panorama.am-ի հետ զրույցում հաստատել էր տեղեկությունները, թե ինքը մտադիր է Եվրադատարան երկու տարի առաջ ուղարկած իր գանգատը հետ վերցնելու դիմում գրել: Նրա խոսքով, նման մտադրություն ունեն մարտի մեկի դեպքերից հետո անազատության մեջ հայտնված ու ՄԻԵԴ դիմած ևս մի քանի մարդ:
«150 մարդ է ձերբակալվել էդ ժամանակ, ես շատ գիտեմ, ով է հետ վերցնում, ով հետ չի վերցնում»,-բարկացած շարունակեց Ա. Արզումանյանը, իսկ երբ խնդրեցինք մեկնաբանել նախկին թիմակցի որոշումը, արձագանքեց. «Ինձ ընդհանրապես չի հետաքրքրում, ամեն մարդ ինքն է որոշում իր անելիքները»:
«7-ի գործով» փաստաբանական խմբի անդամ Հովիկ Արսենյանը, որը հայաստանյան դատական ատյաններում պաշտպանել է Ա. Արզումանյանի, Մ. Մալխասյանի, որոշ ժամանակ նաև Սասուն Միքայելյանի շահերը, Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ տեղյակ չէ, գանգատները հետ վերցնելու մտադրություն մյուսներն ունե՞ն, թե՞ ոչ:
Սիրունյանի հայտարարությունը, թե իր հետ ՄԻԵԴ դիմած շատերը պատրաստվում են հետ վերցնել իրենց դիմումները, զարմացրել է Եվրոպական դատարան դիմած Սասուն Միքայելյանին: «Ինչի՞ պիտի հետ վերցնեմ իմ դիմումը: Չեմ հասկանում՝ ի՞նչ ա ուզում, ի՞նչ ա ասում էդ տղան», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նկատեց Սասուն Միքայելյանը՝ միաժամանակ ձեռնպահ մնալով գնահատել Սիրունյանի այդ քայլը: «Թող Սիրունյանը ինքը գնահատի իրա քայլերը: Ես ով եմ, որ գնահատեմ», -հավելեց նա:
Ընդդիմադիր դաշտը ներկայացնող քաղաքագետներից մեկը, Panorama.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ՄԻԵԴ ուղարկած գանգատները հետ վերցնելու մտադրություն, ինչպես Սիրունյանը, ներկայումս ունեն «Ազատ դեմոկրատներ»-ին անդամակցվող գործիչները: «Լավ իմանալով դաշտն ու կատարելով որոշ հաշվարկներ, կարծում եմ, մյուսները «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից են»,- կարծիք հայտնեց մեր զրուցակիցը՝ միաժամանակ ավելացնելով, թե ինքը կողմ է հարցերը Հայաստանում լուծելու տարբերակին:
Panorama.an-ի հետ զրույցում անդրադառնալով քաղաքագետի այս տեսակետին, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության գործադիր քարտուղար Մասիս Այվազյանը մեզ հետ զրույցում պաշտոնապես հայտարարեց, որ մարտի մեկի գործով դատապարտված ու այսօր կուսակցությանն անդամակցող գործիչներից որևէ մեկը նման մտադրություն չունի: «Ով որ ասում է, իրեն ասեք, թող հիմնավորի: Ես օֆիցալ հայտարարում եմ, որ «Ազատ դեմոկրատներ»-ից ոչ ոք, այդ թվում նաև ես, չենք պատրաստվում հետ վերցնել մեր դիմումները»,-ասաց Մ. Այվազյանը:
Նախորդող հրապարակում. Սիրունյան. Վանո Սիրադեղյանի հետ չեմ խորհրդակցել
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում