IFC-ին ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկին 30 մլն դոլար կհատկացնի փոքր և միջին բիզնեսի վարկավորման համար
Համաշխարհային բանկի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) և Հայաստանի ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկի միջև այսօր ստորագրվեց վարկային համաձայնագիր, համաձայն որի IFC-ին ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկին կտրամադրի 30 մլն ԱՄՆ դոլարի վարկ: Այն նպատակաուղղված է փոքր և միջին բիզնեսի ոլորտում գործող ձեռնարկությունների (ներառյալ գյուղատնտեսության ոլորտում) վարկավորման ընդլայնմանը:
Ինչպես համաձայնագրի ստորագրումից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկի Գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանը, IFC-ից ստացվող նոր վարկը կամրապնդի բանկի դիրքը շուկայում և հնարավորություն կտա ավելի զարգացնելու ռազմավարությունը` փոքր և միջին բիզնեսի վարկավորման բնագավառում, մասնավորապես՝ գյուղատնտեսական վարկավորման ոլորտում: Նա նշեց, որ 2012-13թթ.-ին անխափան կապահովեն բոլոր այն պահանջարկը, որ մեր տնտեսությունը կունենա վարկավորման առումով: Գործադիր տնօրենը տեղեկացրեց, որ վարկի միջին տոկոսադրույքը տարեկան կկազմի 15-16 %:
Ս.Գիշյանի խոսքերով՝ երկար տարիներ համագործակցում են IFC-ի հետ: Ըստ նրա՝ 2011-ին IFC-ին բանկին տրամադրել է 20 մլն ԱՄՆ դոլար, որն արդեն ամբողջությամբ օգտագործվել է՝ մոտ 3000 հաճախորդներին օժանդակելու նպատակով: Դրանից բացի, 2003 թ. IFC-ն համագործակցելով ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի հետ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ստեղծվել է լիզինգային գործառնությունների մեջ մասնագիտացված «ԱԳԲԱ-լիզինգ» վարկային կազմակերպությունը: Այսպիսով, IFC-ն օժանդակել է «ԱԳԲԱ-լիզինգ» վարկային կազմակերպության կապիտալի ձևավորմանը, ինչպես նաև տրամադրել է վերջինիս երկարաժամկետ վարկեր:
IFC-ի հայաստանյան գրասենյանկի ներդրումային ծրագրերի համակարգող Արման Բարխուդարյանը ընդգծեց, որ ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկը հանրապետությունում ունի մասնաճյուղերի մեծ ցանց, որի միջոցով հնարավորություն ունի սպասակել բոլոր մազերում գործունեություն ծավալող գործարարներին և ֆերմերներին:
Ս.Գիշյանը նկատեց, որ չնայած միջազգային ֆինանսական շուկաներում առկա լարվածությանը, 2011-ը բանկի համար եղել է հաջող տարի: «Մենք գերազանցել ենք նախաճգնաժամյան մակարդակը: Մասնավորապես, ակտիվների ծավալով գերազանցել ենք 220 մլրդ դրամը, բանկի կապիտալն արդեն կազմում է 44 մլրդ դրամ, իսկ վարկային պորտֆելը՝ մոտ 140 մլրդ դրամ: Հայաստանի տնտեսության համար սրանք բավականին լուրջ թվեր են»,- ասաց ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկի Գլխավոր գործադիր տնօրենը: Նշվեց նաև, որ շարունակելու են ակտիվ վարկավորումը և բանկային ծառայությունների մատուցումը Հայաստանի բոլոր մարզերում:
Հիշեցնենք, որ Հայաստանը դարձել է IFC-ի անդամ 1995 թվականին: Առ այսօր 147 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ է կատարել 28 ծրագրերի շրջանակներում` աջակցելով ֆինանսական շուկաների, ընդհանուր արտադրության, էներգետիկայի և հանքարդյունաբերության ոլորտներում: IFC-ի խորհրդատվական ծառայություններն իրականացվում են այնպիսի ծրագրերի միջոցով, որոնք ուղղված են ֆինանսական հատվածին, կայուն էներգետիկայի և ներդրումային միջավայրի կանոնակարգման դաշտի պարզեցմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա