Դ. Միատովիչ. Դինքի սպանությունից նույնիսկ հինգ տարի անց արդարադատությունը չի հաղթել
ԵԱՀԿ պաշտոնական կայքը հրապարակել է Հրանտ Դինքի սպանության հինգերորդ տարելիցի կապակցությամբ ԵԱՀԿ ԶԼՄ-ի հարցերով հատուկ հանձնակատար Դունյա Միյատովիչի՝ ԵԱՀԿ տարածաշրջանում սպանված լրագրողների արդարության մասին հայտարարությունը, որում վերջինս կոչ է անում սպանված լրագրողների գործերով արդար դատավարություններ անցկացնել:
Դ. Միատովիչը նշել է, որ Թուրքիայում ապրող հայ լրագրող Հրանտ Դինքի սպանության հինգերորդ տարելիցի կապակցությամբ ԵԱՀԿ անդամ պետությունները պետք է ավելին անեն՝ պաշտպանելու լրագրողների իրավունքները, ինչպես նաև՝ պետք է ապահովեն մեղավորների արդար դատավարությունը:
«Թուրքական դատարանի վճիռը ցույց է տալիս, որ նույնիսկ Հրանտ Դինքի սպանությունից հինգ տարի անց արդարադատությունը չի հաղթել: Եթե լրագրողների դեմ բռնություն հրահրողները պատժված չեն, սա հերթական ապացույցն է այն բանի, որ հանցագործությունը հանդուրժվել է հասարակության կողմից: Այդ երկրի իշխանությունները պետք է դատապարտեն լրագրողների դեմ իրականացվող բռնությունները, իսկ լրագորղները պետք է իրենց պաշպանված զգան:
Անցյալ տարվա դեկտեմբերին, Թուրքիա կատարած այցի ժամանակ, Թուրքիայի իշխանությունները ինձ վտահեցրեցին, որ ԶԼՄ-ների ազատության հետ կապված իրադրությունը երկրում շուտով կբարելավվի: Ես անհամբեր սպասում եմ իրավիճակի բարելավմանը՝ շարունակելով աշխատել նրանց հետ այս և այլ ոլորտներում, ինպես նաև՝ շարունակում եմ հետևել Հրանտ Դինքի սպանության գործին: Սպանված լրագրողների ընկերները, ընտանիքի անդամները և գործընկերները ինչպես նաև հասարակությունը արժանի է իմանալ ճշմարտությունը»,- նշել է Միյատովիչը:
Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը, ով «Ակոս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրն էր, սպանվել էր 2007 թ-ին Ստամբուլի՝ իր թերթի խմբագրության առջև:
Երկու օր առաջ Ստամբուլի դատարանը Դինքի սպանության գործով մեղավոր է ճանաչել մեկ մարդու՝ արդարացնելով մնացած 17 ամբաստանյալներին, իսկ ամբաստանյալներից մեկի մասով, դատարանն, ընդհանրապես, մոռացել է վճիռ կայացնել: