Թուրքական պարբերական. Իլհամ Ալիևից եղբայրական պահվածք չտեսանք
Թուրքական առցանց լրատվամիջոցներում տարածվել է «Յենի Շաֆաք» (Yeni Safak) օրաթերթի սյունակագիր Չեթիներ Չեթինի հրապարակած նյութը, որում խստորեն դատապարտվում է Ադրբեջանի ոչ եղբայրական պահվածքը Թուրքիայի հանդեպ: Թուրք հոդվածագիրը նկատել է տալիս, որ թուրքերի եղբայր և բարեկամ համարվող Ադրբեջանը բավականաչափ հակազդեցություն չցուցաբերեց Ֆրանսիայի ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի ընդունմանը:
Ավելին` Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևան շարունակում է ղեկավարել ֆրանս-ադրբեջանական բարեկամության միջխորհրդարանական խումբը:
Հրապարակման մեջ մեջբերվել են Բաքվի պասիվությունը քննադատող մի շարք տեսակետներ: Մասնավորապես «Մեծ միություն կուսակցության» (ՄՄԿ-BBP) նախագահ Մուստաֆա Դեսթիջին ասել է հետևյալը. «Օրինագծի թեմայով ադրբեջանցի հասարակությունը Թուրքիայի կողքին գտնվեց և Ֆրանսիայի արածի հանդեպ հակակրանք ցուցաբերեց: Իսկ ահա ադրբեջանական իշխանություններն իրենց վարքում չարտացոլեցին սեփական ժողովրդի տրամադրվածությունը: Ադրբեջանի ժողովուրդը քաջ գիտի, որ Ղարաբաղի հարցում Թուրքիան իրենց կողքին է: Եվ ոչ միայն դա: Ազերիներին չկորցնելու համար Հայաստանի հետ սահմանը չբացեցինք: Բայց Ադրբեջան պետությունը այդ ամենը կարծես չնկատելու է տալիս: Իրականում Բաքուն պետք է ասեր, եթե Ֆրանսիան հակաթուրքական որոշում ընդունի, ապա մենք կընդդիմանանք: Բայց այդպես չասվեց, այդպես չարվեց»:
Թեմայի առնչության իր դժգոհությունն է հայտնել նաև թուրք միջազգայնագետ Մեսութ Հաքը Ջաշընը` ասելով, որ պաշտոնական Բաքվի պահվածքը սխալներով լի է:
«Հայոց ցեղասպանության հարցը միայն Թուրքիայի խնդիրը չէ, այլ նաև` Ադրբեջանի: Կարծում եմ ներկա իրավիճակը Ադրբեջանի արտաքին քաղաքականությունում եղած սպասելիքներից է բխում: Ըստ իս` նախագահ Ալիևը Ռուսաստանի հետ հարաբերությունները վնասելուց զգուշանալու պատճառով է նման քաղաքական կուրս որդեգրել»:
Սելչուկ համալսարանի դասախոս Բիլալ Աքգյունն էլ նշում է, որ Ադրբեջանի վտիտ ու տկար հակազդեցությունը Ֆրանսիայի դեմ պայմանավորված է նախագահ Ալիևի վախի գործոնով: Ըստ Աքգյունի` Իլհամ Ալիևը վախենում է, որ արաբական գարնան պես ներգործություն կլինի իր երկրում, այդ պատճառով էլ Թուրքիայի հետ մերձեցումից զգուշանում է: Մինչդեռ Ադրբեջանը պետք է Եվրոպայի իր դեսպանների միջոցով որոշակի հակազդեցություն ցուցաբերեր Ֆրանսիայի դեմ: Մասնավորապես դա կարող էր անել բնական գազի և նավթի առևտրատնտեսական կախվածության շրջանակներում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները