Ֆրանս-թուրքական հարաբերությունները գնալով սրվում են
Անդրադառնալով Ֆրանսիայի սենատում հունվարի 23-ին Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման հարցի քննարկմանը` «Голос Армении»-ն գրում է, որ տարածված է այն կարծիքը, թե Ֆրանսիայի իշխող կուսակցության այս նախաձեռնությունը զուտ Ֆրանսիայի հայազգի ընտրազանգվածի ձայների ձեռքբերմանն ուղղված քայլ է: Հոդվածի հեղինակը նշում է, որ Ֆրանսիայում բնակվող մուսուլմանական զանգվածն ու մասնավորապես թուրքերն իրենց թվով չեն զիջում Ֆրանսիայի հայազգի քաղաքացիներին, հետևապես Հայոց ցեղասպանության քրեականացման օրինագծի դիտարկումը, զուտ որպես նախընտրական քայլ, այնքան էլ ճիշտ չէ:
Թերթը նշում է, որ օրինագծի քննարկմանը նախորդել է ֆրանս-թուրքական հարաբերությունների վատթարացումը, քանի որ պաշտոնական Անկարան իր արտգործնախարար Դավութօղլուի շուրթերով հայտարարեց, որ Թուրքիան շարժվելու է նեոօսմանականության ճանապարհով և մտնելու է Աֆրիկա: Դավութօղլուն նույնիսկ «սպառնաց», որ ցանկացած Աֆրիկյան երկրում Սարկոզին բախվելու է թուրքական դեսպանատների հետ: Ինչպես նշում է հոդվածագիրը` նման հայտարարությունները չէին կարող մնալ առանց հետևանքների: