Տեր-Պետրոսյանից հոգնել է ոչ միայն Պրեսկոտը, այլև Կոնգրեսի ակտիվիստներն ու շարքային քաղաքացիները
Անդրադառնալով այն փաստին, որ Հայաստանի վերաբերյալ ԵԽԽՎ համազեկուցող Ջոն Պրեկոտն իր վերջին այցի ժամանակ հստակ հայտարարեց, որ Հայաստանի անցումը 100%-անոց համամասնական ընտրական համակարգին երկրի ներքին գործն է և Եվրոպան չի պատրաստվում խառնվել այդ հարցին` «Голос Армении»-ն նկատում է, որ այս հայտարարությունը մեղմ ասած «մանթրաշ» առաջացրեց ընդդիմության և հատկապես ՀԱԿ-ի շրջանակներում, քանի որ վերջինս հասկացավ, որ Պրեսկոտը մինչև կոկորդը կուշտ է արտախորհրդարանական ընդդիմությունից և չի պատրաստվում այլևս «տանիք» ծառայել ՀԱԿ-ի համար:
Թերթը նկատում է, որ ՀԱԿ-ը լիովին մոռացել է մարտի 1-ին զոհվածների գործի հետաքննության մասին և մտահոգված է միայն 100%-նոց համամասնական ընտրահամակարգի հաստատմամբ: Հոդվածագիրը նկատում է, որ զոհվածների հարազատները պետք է, որ շատ մեծ հիասթափություն ապրեն Լ. Տեր-Պետրոսյանի պահվածքից, որն արդեն երեք տարի է` ցինիկաբար սպեկուլյացիայի է ենթարկում մարտի1-ին զոհվածների հիշատակը: Նյութի հեղինակը մեջբերում է «Ժառանգություն» կուսակցության խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանի գրառումը Facebook սոցիալական ցանցում. «Լևոն Տեր-Պետրոսյանը քաղաքական պատասխանատվություն է կրում մարտի 1-ի ողբերգական դեպքերի ժամանակ զոհվածների համար…»:
Շարունակելով թեման` «Голос Армении»-ն նշում է, որ ՀԱԿ-ի գործունեությունից հիասթափվել են ոչ միայն շարքային քաղաքացիները, այլև ՀԱԿ ակտիվիստներն ու նախկին «քաղբանտարկյալները»: Այսպես` մարտի 1-ի գործով նախկինում ձերբակալված, ապա համաներումով ազատ արձակված Սուրեն Սիրունյանը հայտարարել է, որ մտադիր է հետ վերցնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացրած իր հայտը, քանի որ հիասթափվել է ՀԱԿ-ից` գիտակցելով, որ անձամբ ինքն ու շատ շատերը պարզապես գործիք են եղել իշխանություն զավթելու Լ. Տեր-Պետրոսյանի ծրագրերում: Սիրունյանը նշել է, որ «քաղբանտարկյալներին» չեն հարգում հենց ՀԱԿ-ի ներսում. Դրա վառ ապացույցը ՀԱԿ-ի գրասենյակում նախկին «քաղբանտարկյալ» Քրիստափոր Էլազյանի ծեծն էր: