Վիկ Դարչինյանն ընդդեմ դատախազի եղբոր
«Բարգավաճ Հայաստանը» քննարկում է Աջափնյակ համայնքն ընդգրկող թիվ 6 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրել ԲՀԿ-ական Վահան Կարապետյանի թեկնածությունը, որը համայնքում հայտնի է Վահանիկ անունով, ով հայտնի բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանի մտերիմ ընկերն է: Այստեղից պատգամավոր է մտադիր դառնալ նաեւ ՀՀ գլխավոր դատախազի եղբայրը՝ Աջափնյակ վարչական շրջանի ներկայիս ղեկավար Ռուբեն Հովսեփյանը: «Հայկական ժամանակը» գրում է, որ գործող պատգամավոր, ՀՀԿ-ական Հարություն Փամբուկյանը չի առաջադրվելու:
ԲՀԿ Աջափնյակի տարածքային կառույցի ղեկավար Արտակ Նազարյանը թերթին հայտնել է, որ վերջնական որոշում դեռ չի կայացվել, բայց Վահան Կարապետյանն ամենահավանական թեկնածուն է: ԲՀԿ-ն այս համայնքում պատգամավորության ևս մեկ թեկնածու ունի՝ Գարեգին Բաղդասարյանը, և եթե Վահանը վերջին պահին որոշի չառաջադրվել, ինչն, իհարկե, քիչ հավանական է, ԲՀԿ-ն կառաջադրի նրան:
Իսկ ՕԵԿ-ական Արայիկ Հայրապետյանը (Լավանդայի Արայիկը) «Հայկական ժամանակի» հարցին` «արդեն հաստատ որոշե՞լ է, թե ում ընտրատարածքում է մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրվելու»` պատասխանել է. «Հունվարին վերջին խոստանում եմ ասել, ես նոր եմ եկել ու մի քիչ էլ իմ կամքից անկախ`այս վերադասավորումները մի քիչ անսպասելի էին, բայց ամսվա վերջին կասեմ»: Վերադասավորումներ ասելով ի՞նչ նկատի ունեք՝ թղթակցի հարցին նա պատասխանել է. «Դե մեծամասնականը վերացնելու այս խոսակցությունները, կոալիցիան, նման բաներ կան, ճիշտն ասած՝ նոր եմ եկել, դեռ չեմ խորացել»: