Նախագահ ընտրվելու դեպքում Պրոխորովը կվաճառի բիզնեսը
ՌԴ նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու, մեծահարուստ Միխայիլ Պրոխորովն հայտնել է, թե նախագահ դառնալու դեպքում կվաճառի իր ողջ ունեցած բիզնեսը:
Բացի այդ, ընտրվելու պարագայում նա ծրագրում է իր գլխավորությամբ կուսակցություն հիմնել և անդամակցության հրավեր ուղարկել ՌԴ ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինին:
«Եթե նախագահ դառնամ, կվաճառեմ բոլոր իմ ակտիվներն ու գումարի մեծ մասը կնվիրաբերեմ բարեգործական ծրագրերին», - ասել է Պրոխորովը ռուսական «Դոժդ» ինտերնետ հեռուստատեսության եթերում:
Նշենք, երեկ Միխայիլ Պրոխորովը հրապարակել է իր նախընտրական ծրագիրը, որում գործարարն առաջարկում է ՌԴ նախագահի լիազորությունները սահմանափակել ընտրվելու երկու ժամկետով, բարեփոխել քաղաքական համակարգը, ուժեղացնել պետության սեցիալական քաղաքականությունն ու ազատականացնել լրատվամիջոցների գործունեությունը:
46-ամյա Միխայիլ Պրոխորովի կարողությունը Forbes ամսագրի գնահատմամբ, կազմում է 18 միլիարդ դոլար: Նա երկրորդն է Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց շարքում: