Իրանի նկատմամբ պատժամիջոցները կհանգեցնեն ճգնաժամի երկրորդ ալիքի սրմանը. տնտեսագետ
Իրանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման դեպքում միջազգային շուկայում նավթի գները կաճեն 35%-ով, իսկ ռազմական գործողությունների դեպքում ` կրկնակի: Նման կարծիք այսօր ասուլիսում հայտնեց տնտեսագիտական գիտությունների թեկնածու Կառլեն Խաչատրյանը, նկատելով, որ պատժամիջոցների մասին միայն հայտարարություններ հնչեցնելու պարագայում Լոնդոնի բորսայում նավթի գներն աճեցին 1.5%-ով:
Ըստ բանախոսի` նավթի գների բարձրացումը կհանգեցնի տնտեսական ճգնաժամի երկրորդ ալիքի սրմանը, մանավանդ Եվրոպայում, քանի որ Հունաստանը, Իսպանիան և Իտալիան իրանական նավթի հիմնական սպառողներից են:
«Դժվար է ասել, թե մոտակա 6 ամիսների ընթացքում որքանով հնարավորություն կլինի դիվերսիֆիկացնել նավթի մատակարարումն այդ երկրներ: Բայց, նույնիսկ, եթե այդ ճանապարհը գտնեն, և ապահովեն անխափան մատակարարումը, միևնույն է, պատժամիջոցները բացասաբար կանդրադառնան Եվրոպայի տնտեսության վրա », - պարզաբանեց նա:
Կ. Խաչատրյանի խոսքով` պատժամիջոցներից օգուտ մեծապես կքաղեն նավթ արտահանող այլ երկրները, սակայն միայն կարճաժամկետ տեսլականում, քանի որ հետագայում այն կհանգեցնի նավթի արժեզրկման: «Նավթի բարձր գները կարող են ստիպել նավթ ներմուծողներին ավելի արագ անցնել այլընտրանքային էներգակիրներին, ինչը կհանգեցնի նավթի գնի կտրուկ անկման»,-հավելեց նա, նկատելով, որ հենց այդպիսի սցենարից խուսափելու միտքն է ստիպում Ռուսաստանին հանդես գալ պատժամիջոցների կիրառման դեմ:
Խոսելով Հայաստանի տնտեսության վրա պատժամիջոցների ազդեցության հնարավորությունների մասին, բանախոսը թվարկեց թե դրական և թե բացասական հեռանկարները: «Մի կողմից` հայտնվելով մեկուսացման մեջ` Իրանը ստիպված կլինի փնտրել եկամուտների նոր աղբյուրներ, իսկ դա կստիպի Թեհրանին արագացնել Հայաստանում էներգետիկ նախագծերի իրագործումը, մասնավորապես` նավթամշակման գործարանի: Մյուս կողմից` չունենալով նավթային պաշարներ` Հայաստանը կախվածության մեջ է նավթի գներից, և դրանց բարձրացումը տնտեսության վրա բացասաբար կանդրադառնա», - նշեց տնտեսագետը:
Բացառելով պատժամիջոցներին Հայաստանի միանալը, Կ. Խաչատրյանը նշեց, որ Իրանը կարող է նաև գնալ ոչ միայն Հայաստան առաքվող գազի, այլ նույնիսկ նավթի գնի իջեցմանը:
Ի պատասխան panorama-ի լրագրողի դիտարկմանը, որ որևէ երկրի դեմ պատժամիջոցներն ու ապրանքի պահանջարկի նվազումը, սովորաբար, հանգեցնում է գնի նվազմանը, տնտեսագետն ասաց, որ իրանական նավթի պարագայում Հայաստան առաքվող նավթամթերքի էժանացումը սպասելի երևույթ կլինի, սակայն կարևորը մեր երկիր այդ ապրանքը ներմուծողների կամքն ու շահն է:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան