«Դե արի ու մի խախտի» կամ մենք դեռ շատ ճանապարհ ունենք անցնելու, մինչև տեսախցիկներին հասնելը
Զարգացած երկրների մոդելով Հայաստանում, մասնավորապես մայրաքաղաքում, տեղադրվեցին տեսախցիկներ՝ երթևեկության անվտանգությունն ապահովելու և ՃԵԿ խախտումները հնարավորինս նվազեցնելու նպատակով։ Թե ինչպիսի արդյունք այս ամենը կունենա և արդյո՞ք կկարողնանք հպարտանալ քիչ թե շատ կանոնավորված երթևեկությամբ, ինչպես որ օրինակ ծառայած երկրներում է, ցույց կտա, իհարկե, ժամանակը: Սակայն մեկ բան հստակ է` թե այն պահին, երբ հայ վարորդին նոր զգուշացրեցին ու սպառնացին տեղադրվելիք տեսախցիկներով, թե հիմա, երբ դրանք արդեն իրականություն են մեր փողոցներում, վարորդների մտահոգությունը ոչ այնքան դրանց փաստն է, որքան դրան զուգահեռ առկա մի շարք չլուծված խնդիրներ:
Մասնավորապես` որքանո՞վ էինք մենք պատրաստ դրանց տեղադրմանը, հաշվի առնելով այն փաստը, որ երևանյան երթևեկությունը նույնիսկ լավագույն ցանկության դեպքում չի կարելի քիչ թե շատ կանոնակարգված անվանել: Ու սա էլ այն դեպքում, որ եթե պետավտոտեսուչի հետ հնարավոր էր լեզու գտնել ու բացատրել (եթե, իհարկե, բացատրելու տեղ ունենայիր) , որ, ասենք, դիմացիդ մեքենան խաչմերուկ չհասած մի քանի մետրի վրա երկրորդ շարքում այնպես է կանգնել, որ դու իր ու հարևանությամբ parking եղած մեքենայի արանքով ուղղակի չէիր կարող շարքերի ճիշտ վերադասավորում անել ու ժամանակին ու առանց խախտման աջ թեքվեիր, ապա անշունչ սարքավորման պարագայում դա ի սպառ բացակայում է: Դե արի ու փոստով խախտման վերաբերյալ ծանուցագիր ստանալու ժամանակ ընկի դեսուդեն ճշտելու` արդյո՞ք քո խախտման հիմնական մեղավորը` խաչմերուկին կիպ կայանված մեքենան, և՞ս տուգանվել է թե ոչ ու եթե այո, այդ դեպքում դու ու քո նմանները ինչո՞ւ են ֆիքսվում սարքավորման կողմից: Ի վերջո, սարքավորումը մարդ չէ, որ ընտրություն կատարի:
Panorama.am-ի փոքրիկ հարցախույզի ժամանակ վարորդները կարծիք հայտնեցին, որ մինչև տեսախցիկներ տեղադրելն անհրաժեշտ էր որոշակի միջոցառումներ իրականացնել, որպեսզի տեսախցիկներն ու արագաչափերն էլ ծառայեին նպատակին: Այնինչ մեզանում, ավանդույթի համաձայն, նախ հայտարարվում է, որ տույժ ու տուգանք է հասնում այս կամ այն կանոնը խախտողի համար, բայց կանոնները չխախտելու համար էլ ոչինչ չի արվում` խոսքը հատկապես սկզբնական շրջանի մասին է: Ավելին` տեղադրման առաջին օրերին ՃՈ-ն պաշտոնապես տեղեկացրեց, որ տեսախցիկներն արձանագրել են առաջին խախտումները ու ըստ այդմ իրավախախտներն այդ մասին կտեղեկացվեն փոստի միջոցով, սակայն բանկային հաշվեհամարը, ուր պետք է իրավախախտները վճարում կատարեին, դեռ գոյություն չուներ:
Ի՞նչ ունենք` ճիշտ է, սովորականի պես անկազմակերպ վիճակ։
Որպես վերը նշվածի մի քանի օրինակ բերեմ, որոնց հետ ամեն օր առնչվում է յուրաքանչյուր վարորդական իրավունք ունեցող ու այդ իրավունքն իրացնող քաղաքացի.
Թումանյան- Մաշտոց խաչմերուկում ուղղակի անհնար է երթևեկել առանց խախտման, մասնավորապես SAS սուպերմարկետից մինչև Մաշտոցի խաչմերուկ ընկած հատվածում շատ դժվար է առանց խախտում կատարելու երթևեկելի գոտիների վերադասավորում իրականացնել, քանզի ճանապարհի աջակողմյան երթևեկելի գոտին հիմնականում զբաղված է կայանված ավտոմեքենաներով` շքեղ ու մեծածավալ ջիփերով ու նաև տաքսիներով։ Նույն իրավիճակը նկատելի է նաև Բաղրամյան պողոտայում` Չեխովի անվան դպրոցի տարածքում, առավոտյան պիկ ժամերին ու օրվա երկրորդ կեսին, երբ ծնողներն իրենց բալիկներին «զարմանահրաշ» մեքենաներով դասի են բերում կամ դասից դիմավորում ու հենց այդ տարածքում տեղակայված կանգառին հասարակական տրանսպորտը երրորդ գծից (առաջին երկուսը գրոհած են ավտոմեքենաներով) մոտենալու համար ստիպված է կոպիտ խախտում կատարել:
«Մեր նեղ փողոցները հերիք չեն, ավտոտերերն էլ իրենց երկաթյա նժույգներին կայանում են այնպիսի վայրերում, որոնք կարծես ստիպում են խախտում անել` խաչմերուկից թեքվել կամ չկարողանալ շրջադարձ կատարել թույլատրված վայրում»,- մեզ հետ զրույցում նեղսրտեց մի կին-վարորդ:
Շրջադարձի գոտիների հետ կապված ևս մեկ օրինակ.
«Արշակունյաց պողոտայի շրջադարձի գոտիները ուղղակի նպաստում են վթարային իրավիճակների ստեղծմանը: Մինչև շրջադարձի գոտի հասնելը պետք է իրականացնել շարքերի վերադասավորում դեպի աջակողմյան երթևեկելի գոտի, քանզի գծանշումով արգելվում է մինչև շրջադարձի գոտի ուղիղ երթևեկությունը, ապա ընդամենը 10-12 մ հեռավորության վրա, նորից վերադասավորվել ձախ՝ շրջադարձի համար և դա այն դեպքում, երբ այդ հատվածում թույլատրելի արագությունը 80-90կմ/ժամ է և աջակողմյան երթևեկելի գոտում տեղադրված է կանգառ երթուղայինների համար…արդյունքում մեկ երթևեկելի գոտի՝ և՛ շրջադարձ կատարողի, և՛ 80 կմ/ժ երթևեկողի համար։
Դե արի ու մի խախտի»,- տարակուսեց մեր զրուցակից տաքսու վարորդը օրինակը բերելուց հետո:
Մեկ այլ խնդիր էլ վարորդները տեսնում են նրանում, որ արագաչափի մասին զգուշացնող ցուցանակը տեղադրված է հենց անմիջապես նրանից երկու-երեք քայլի վրա ու ինքն էլ այնքան փոքր, որ առաջին հերթին նկատում ես արագաչափը և նոր դրա մասին ավետող ցուցանակը:
Իհարկե, միայն ՃՈ-ի վրա մեղքը բարդելն ու ասել, որ ամեն ինչի մասին հենց ոստիկանությունը պետք է հոգ տանի այնքան էլ ճիշտ չէ, քանի մեր վարորդներն էլ հեռու են վարորդական էթիկա հասկացությունից:
Նրանք, օրինակ, ավտոմեքենայի «թարթիչ»-ը շատ հաճախ օգտագործում են ավտոտեսուչներին գոհացնելու համար գործում է ««գային» երևո՞ւմ է` թարթիչդ միացրու» սկզբունքը) այնինչ, եթե երթուղայինը սկսում է երթևեկությունը կանգառից կամ փողոցի աջ մասից և Աստված մի արասցե այդ տեղանքում պետավտոտեսչության մեքենա չլինի, հիմնականում երթուղայինների երթևեկությունը դառնում է ուղղահայաց բնականոն երթևեկության ուղղությանը։
Շրջենք քաղաքով, 80 տոկոս դեպքերում նմանատիպ իրավիճակներում ոչ մի երթուղայինի վարորդ չի օտագործում «թարթիչը», այնինչ դա ոչ թե միջոց է, որ խուսափես պետավտոտեսուչների արձանագրությունից, այլ ուղղակի միջոց մյուս վարորդներին զգուշացնելու։
Բարձրաձայնվում է` ընդամենը մեկ օրվա ընթացքում բոլոր 15 արագաչափերը 2500 խախտում են արձանագրել, սակայն չենք բարձրաձայնում, որ այդ խախտումները արվում են անգիտակցաբար, քանզի վարորդները դեռ չգիտեն իրենց պարտավորություններն ու իրավունքները, իսկ ինքը երթևեկությունը կազմակերպված է թերություններով։
Սրանից բխում է մի հետևություն` մենք դեռ շատ ճանապարհ ունենք անցնելու, մինչև տեսախցիկներին հասնելը …
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում