Սոչիի համատեղ հայտարարություն. Կողմերը մտադիր են շարունակել գործընթացն ու ակտիվացնել այն
Այսօր Սոչիում նախագահներ Սերժ Սարգսյանի, Դմիտրի Մեդվեդևի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումն ավարտվել է համատեղ հայտարարության ընդունմամբ: Ինչպես փոխանցում է Panorama.am-ի թղթակիցը, հայտարարության մեջ կողմերը պատրաստակամություն են հայտնել, մինչ օրս իրականացված աշխատանքները նկատի ունենալով` շարունակել բանակցային գործընթացը և ակտիվացնել այն:
Ստորև ներկայացնում ենք նախագահներ հայտարարության ոչ պաշտոնական թարգմանությունը: Պաշտոնական փաստաթուղթը՝ ռուսերենով, զետեղվել է Կրեմլի պաշտոնական կայքում:
«Երեք երկրների ղեկավարները ընդգծեցին 2008 թվականի նոյեմբերի 2-ին Մոսկովյան հռչակագրի ընդունումից ի վեր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատանքների մեծ ծավալը: Նախագահները հայտարարեցին, որ ինտենսիվ բանակցությունների արդյունքում առաջընթաց է գրանցվել ղարաբաղյան կարգավորման Հիմնարար սկզբունքների համաձայնեցման հարցում:
Հաշվի առնելով Խաղաղ համաձայնության մշակմանն անցնելու կարևորությունը՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության նախագահները պատրաստակամություն հայտնեցին արագացնել Հիմնարար սկզբունքների հարցով պայմանավորվածությունների ձեռքբերումը՝ նկատի ունենալով մինչ այժմ կատարված աշխատանքը:
Երկու նախագահները բարձր գնահատեցին Ռուսաստանի Դաշնության և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների միջնորդական գործունեությունը և հույս հայտնեցին, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան այդ կարգավիճակում հետագայում ևս ակտիվ դերակատարություն կունենա կարգավորման գործում՝ ընդհուպ մինչև տարածաշրջանում վերջնական խաղաղության ու կայունության հաստատումը:
Ի զարգացումն 2011 թվականի մարտի 5-ին Սոչիում ընդունված համատեղ հայտարարության դրույթի` Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախագահները ի գիտություն ընդունեցին համանախագահների զեկույցը՝ շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի մասին, որը նրանք մշակել են ԵԱՀԿ գործող նախագահողի անձնական ներկայացուցչի հետ համատեղ, և հանձնարարեցին շարունակել այդ աշխատանքը:
Նախագահները վերահաստատեցին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կոնտեքստում վստահության ամրապնդման ուղիներից մեկը կողմերի միջև հումանիտար կապերի զարգացումն է: Այս կապակցությամբ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության նախագահները հայտարարեցին իրենց պատրաստակամության մասին՝ նպաստելու մտավորականության, գիտական ու հասարակական շրջանակների ներկայացուցիչների միջև երկխոսության հետագա ծավալմանը»: