Գերմանիան նույնպե՞ս կհետևի Ֆրանսիայի օրինակին
Անդրադառնալով Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման օրինագծի ընդունման վերաբերյալ թուրք-ադրբեջանական վայնասունին` «Голос Армении»-ն գրում է, որ թուրք-ադրբեջանական տանդեմի հիստերիան եվրոպական երկրների քաղաքական գործիչների համար զարմանալի և անհասկանալի է: Գերմանիայի կոալիցիոն իշխանության մարդու իրավունքների հարցերով խորհրդարանական խմբակցության ղեկավար Էրիկա Շտայնբախը, խոսելով այն մասին, որ Գերմանիան, հնարավոր է, հետևի Ֆրանսիայի օրինակին, նշել է, որ ինչքան էլ Թուրքիան մերժի ցեղասպանության փաստը, մեկ է, այն եղել է, և թուրքական կառավարությունն ավելի ճիշտ կաներ ընդուներ այդ իրողությունը: Հոլոքոսթի իրողությունն ընդունած Գերմանիայի համար անհասկանալի է, թե ինչու թուրքական կառավարությունը չի ցանկանում ընդունել և ներողություն խնդրել մի իրողության համար, որը կատարվել է գրեթե 100 տարի առաջ և որի համար պատասխանատու չէ Թուրքիայի ներկայիս սերունդը:
Ըստ թերթի` Անկարայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունը պայմանավորված է ոչ այնքան բարոյական և նյութական փոխհատուցում վճարելու վախով, որքան նրանով, որ Թուրքիան ստիպված կլինի վերանայել Թուրքական պետության դարերով ձևավորված արտաքին քաղաքականության կոնցեպցիան: Կոնցեպցիա, որը նախկինում կոչում էին պանթյուրքիզմ, իսկ ներկայումս Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուն այն կոչում է նեոօսմանականություն և փորձում այդ գաղափարին արևմտյան արժեքներին համապատասխան երանգներ հաղորդել, սակայն այս գաղափարի համաձայն Հայաստանը և հայերը, ինչպես դարեր առաջ, դիտարկվում են որպես թուրքերի համար թշնամի պետություն և թշնամի էթնոս: