«Հայկական ժամանակ». Օսկանյանը ԲՀԿ-ի հույսի՞ն է
«Հայկական ժամանակը» գրում է, որ ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը ԱԺ առաջիկա ընտրություններում կարող է լինել ԲՀԿ համամասնական ցուցակի երկրորդ համարում: Ըստ թերթի, նման հնարավորությունը երեկ չեն հերքել ոչ ԲՀԿ-ում և ոչ էլ Օսկանյանի «Սիվիլիթաս»-ում:
Այս կապակցությամբ իրեն ուղղված թերթի հարցին «Սիվիլիթասի» գործադիր տնօրեն Սալբի Ղազարյանը պատասխանել է. «Ես էլ լսել եմ, բայց ինչքան տեղյակ եմ, այդպիսի բան չկա, ես կփորձեմ ճշտել, երբ պատասխան եղավ, կասեմ»:
«Երեկ մինչ օրվա ավարտը Ղազարյանը որևէ պատասխան չփոխանցեց, ինչը նույնպես պատասխան է: Գագիկ Ծառուկյանի խոսնակն էլ նույն հարցի կապակցությամբ ասաց. «Ձեր այդ և մնացած բոլոր հարցերը կամ քննարկման փուլում են կամ դեռ չեն քննարկվել»: Նա ասաց միայն, որ ԲՀԿ առաջնորդը հանձնարարել է մեծամասնական 41 ընտրատարածքների համար ԲՀԿ-ական 2-3 թեկնածուների անուններ ներկայացնել իրեն»,-գրում է թերթը: