Հանքավայր շահագործողները վստահեցրել են` Ջերմուկի տարածքը 100 տոկոսով զերծ է մնալու բնապահպանական վտանգներից
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն այսօր անդրադառնալով Ջերմուկի զարգացման ծրագրին, նշեց, որ Ջերմուկի զարգացման համար միջազգային փորձագետների կողմից հատուկ մաստեր-պլան է մշակվել: «Այսինքն, մենք իրոք Ջերմուկը դարձնում ենք ժամանակակից միջազգային չափանիշներին ձգտող մի տարածք, որն ունի բավականին լուրջ առանձնահատուկ պոտենցիալ»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Ջերմուկից շուրջ 13 կմ հեռավորությամբ Ամուլսարի հանքավայրի շահագործմանը և դրա հետևանքով քաղաքին հասցվելիք վնասներին, ապա Տ.Դավթյանը նշեց, որ ծանոթ է այդ ծրագրին, հանդիպել է ներդրումային ընկերության հետ, որը աշխարհում մեծ հեղինակություն վայելող ընկերություն է: Ըստ նրա՝ ներդրումային ընկերությունը պարտավորվում է բոլոր գործողություններն անել շատ խիստ բնապահպանական ու տեխնոլոգիական չափանիշներով, հանքն էլ բավական մեծ հեռավորության վրա է գտնվում Ջերմուկից ու ազդեցությունը պետք է զրոյական լինի: Այսինքն՝ իրեն հավատացրել են, որ Ջերմուկի տարածքը 100 տոկոսով զերծ է մնալու բնապահպանական վտանգներից:
Միաժամանակ Տ.Դավթյանը նշեց, որ շրջանառվող մտահոգությունները հիմնականում հոգեբանական բնույթի են, քանի որ մարդիկ պարզապես մտահոգվում են, որ առողջարանային քաղաքից ոչ հեռու հանքավայր է շահագործվելու: «Խնդիրը ոչ թե անել-չանելու մեջ է, այլ ինչպես անելու»,- ընդգծեց նախարարը՝ հավելելով, որ դեռ երկար աշխատանք կա իրականացնելու. կան համապատասխան ընթացակարգեր, պատասխանատու մարմիններ պետական, և համագործակցելու են այդ թվում նաև բնապահպանական ֆորմալ և ոչ ֆորմալ կառույցների հետ:
«Միջազգային փորձը ցույց է տալիս, որ միևնույն տարածաշրջանում հնարավոր է համատեղել տուրիզմն ու հանքարդյունաբերությունը»,- նկատեց Տ.Դավթյանը՝ ավելացնելով, որ չի կարելի ասել` Հայաստանում կամ պետք է տուրիզմ լինի, կամ հանքարդյունաբերություն. «Դա աբսուրդ է ուղղակի»:
Տ.Դավթյանը անդրադառնալով միջազգային շուկայում մետաղների գներին, հայտնեց, որ գների փոփոխության հետ կապված՝ մենք տարբեր սցենարներ ունենք, թե տարբեր զարգացումներն ինչ ազդեցություն կունենան տնտեսության վրա, և համապատասխան տնտեսական մոդելների միջոցով քայլեր կիրականացվեն: Նշվեց նաև, որ մետալուրգիան և հանքարդյունաբերությունը Հայաստանի արտահանման ծավալում 50%-ից մի փոքր ավելին են կազմում:
«Այս պահի դրությամբ մետաղների գները ապահովում են շահութաբերություն: Պղնձի մասով անհանգստություն չկա, իսկ մոլիբդենի առումով շահութաբերության մակարդակը ավելի քիչ է: Բայց գները տատանվող են և մոտ ապագայում` այս տարվա ընթացքում շահութաբեր կլինեն»,- ասաց Տ. Դավթյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում