Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը վերակառուցվելու է
«Մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի վերակառուցման համար անհրաժեշտ նախագիծը մոտակա օրերի ընթացքում պատրաստ կլինի, որից հետո պետք է հաստատվի քաղաքաշինության ու մշակույթի նախարարությունների կողմից: Հենց հավանության արժանանա, անմիջապես կսկսվեն վերակառուցման աշխատանքները»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց թուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը:
Նա նշեց, որ նախագծի հեղինակն է Սահակ Ներսիսյանը. «Հրաշալի նախագիծ է, եթե իրականացվի, ամբողջապես կլուծվի շենքի հետ կապված բոլոր խնդիրները: Մենք շատ գոհ կլինենք»: Նախագծով նախատեսվում է նաև լրացուցիչ տարածքներ, չորրորդ հարկ, նոր պահոցներ: Ֆինանսական միջոցների հետ կապված մեր հարցին ի պատասխան տուն-թանգարանի տնօրենն ասաց, որ կառավարությունը պետք է որոշի:
Թե որքան կտևի շինարարական աշխատանքները, Ռ. Սարյանը դժվարացավ ասել: Միաժամանակ նշեց, որ այդ ընթացքում, թեև թանգարանը փակ կլինի, բայց Սարյանի կտավները կցուցադրվեն և հայաստանյան թանգարաններում, և արտերկրում:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա հուլիսի 26-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել էր Մ. Սարյանի տուն-թանգարան: Այդ ժամանակ երկրի ղեկավարին էր ներկայացվել տուն-թանգարանի առջև ծառացած խնդիրները` հիմնանորոգում, լրացուցիչ շինարարություն, պահոցի պահպանման խնդիրները: ՀՀ նախագահը հստակ հանձնարարականներ էր տվել` ամփոփել բոլոր ծրագրերը:
Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը բացվել է 1967թ.-ի նոյեմբերի 26-ին` նկարչի կենդանության օրոք: Տուն-թանգարանի հավաքածուի համար հիմք են հանդիսացել Սարյանի նվիրաբերած իր 50 ստեղծագործությունները: Այսօր տուն-թանգարանի հավաքածուն` 247 թանգարանային առարկա, ամբողջացնում է արվեստագետի ստեղծագործական գործունեության հիմնական փուլերը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան